ԸՕ-ն կփոփոխվի․ Բարեփոխումներից հետո խնդիրներ են ի հայտ եկել

ԸՕ-ն կփոփոխվի․ Բարեփոխումներից հետո խնդիրներ են ի հայտ եկել

PanARMENIAN.Net - Ընտրական օրենսգրքում իրականացված բարեփոխումներից հետո ի հայտ եկած խնդիրները լուծելու նպատակով օրենսդրական փոփոխությունների փաթեթ է մշակվել։ Այդ մասին խորհրդարանական լսումների ժամանակ ասել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը։

Քննարկվել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

‌Ներկայացնելով օրենսդրական նախաձեռնության հիմնական դրույթները` Վահագն Հովակիմյանը նշել է, որ համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցույց են տվել, որ մեկ ընդհանուր քվեաթերթիկով կազմակերպվող ընտրությունների ժամանակ անվավեր քվեաթերթիկների թիվն անհամեմատ ավելի մեծ է, քան տարբեր քվեաթերթիկներովի (Ազգային ժողովի ընտրությունների մոդելով) դեպքում: Ուստի և, առաջարկվել է ՏԻՄ համամասնական ընտրակարգի դեպքում ներդնել տարբեր քվեաթերթիկներով կազմակերպվող մոդելը: Առաջարկվել է նաև ՏԻՄ համամասնական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերից ապահովել ուղիղ հեռարձակում, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Զեկուցողի խոսքով` համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների ժամանակ կուսակցությունների նախընտրական հիմնադրամները մասնավոր բանկերում ձևավորելու փորձը ցույց է տվել, որ բազմաթիվ խնդիրներ են ի հայտ եկել նախընտրական հիմնադրամների կառավարման, ֆինանսական վերահսկողության, թափանցիկության ապահովման, ինչպես նաև օրենսդրության միատեսակ կիրառումն ապահովելու տեսանկյունից:

Առաջարկվում է նախընտրական հիմնադրամները բացել Կենտրոնական բանկում, ինչն էապես կդյուրացնի կուսակցությունների նախընտրական ֆինանսավորման կառավարման և կազմակերպման գործընթացները:

Ավագանիների առաջին նիստերի ընթացքում ծագող խնդիրները լուծելու համար առաջարկվել է կիրառել «ԱԺ առաջին նստաշրջանի ինստիտուտը». առաջին նստաշրջանում նիստի վարման իրավունքը կտրվի առավել քվե ստացած քաղաքական ուժին:

‌Ըստ Հովակիմյանի` հրաժարվել են ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողների համար նախատեսված շրջիկ արկղով քվեարկելու ինստիտուտից, ինչը պարունակում է չարաշահման մի շարք ռիսկեր: Այն կկիրառվի բացառապես քվեարկության օրը ձերբակալման վայրում գտնվող անձանց համար:

‌Նախաձեռնության մեկ այլ դրույթով էլ առաջարկվում է օրենսգրքի 42-րդ հոդվածը համապատասխանեցնել Սահմանադրության 195-րդ հոդվածին, այն է` չսահմանել լրացուցիչ պահանջներ ԿԸՀ անդամի թեկնածուի համար:

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը ներկայացրել է գործադիրի դիտարկումները: Նա անդրադարձել է Կառավարության կողմից ընտրված մասնագիտացված կազմակերպության ընտրության կարգի սահմանման անհրաժեշտությանը` հետագայում չարաշահումներից և շահարկումներից զերծ մնալու համար: Նա խնդրահարույց է համարել ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանումն ու միաժամանակյա համացանցային հեռարձակումը` նշելով, որ բոլոր տեղամասերն ապահովված չեն համապատասխան տեխնիկայով և հնարավորություններով:

‌Հավելելով` Վահագն Հովակիմյանը նշել է, որ ընտրական համակարգը լավարկելուն է միտված օրենսդրական նախաձեռնությունը, որպեսզի ընտրական համակարգն ի զորու լինի ապահովելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ: ‌

 Ուշագրավ
Նա հավելել է, որ փաստացի, ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում
Նշվում է նաև, որ ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները մարտի լույս 25-ի գիշեր կրակ են բացել
Դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ
Շրջանառության մեջ կդրվի սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող ԱԺ հայտարարության նախագիծ
---