Երևանի որոշ հատվածներում 20 րոպեում թափվել է ամսական տեղումների նորմայի չափ անձրև

Երևանի որոշ հատվածներում  20 րոպեում թափվել է ամսական տեղումների նորմայի չափ անձրև

PanARMENIAN.Net - Հունիսի 23-ի երեկոյան Երևանի արևելյան և հարավային հատվածներում դիտվել է ուժգին ամպրոպ, տեղատարափ անձրև և կարկուտ, որն ուղեկցվել է ուժգին քամիներով։

Ամպրոպային ամպն առաջացել է Արարատ լեռան լանջերին՝ այնուհետև զարգանալով ներթափանցել Երևան։

Օդերևութաբանական ռադարի և արբանյակային լուսանկարների վերլուծությունը ցույց են տալիս, որ այդ ամպրոպային ամպը եղել է գերհզոր գոյացություն, գագաթի բարձրությունը հասել է 16 կմ-ի, ուղղաձիգ հզորությունը՝ 13 կմ-ի, ամպի գագաթում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -60 աստիճան, տեղեկացնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Ամպում առկա է եղել պտտահողմ, որը մայրաքաղաքի տարբեր հատվածներում տապալել է ծառեր, պոկել տանիքներ։ Երևանի մի շարք հատվածներում 20 րոպեի ընթացքում թափվել է ամսական տեղումների նորմայի չափ անձրև։

Նման ուժգնության ամպրոպները տարվա այս ժամանակահատվածում Երևանի համար հազվադեպ օդերևութաբանական երևույթ են և կրկնվում են միջինը 10 տարին մեկ անգամ։

Առաջիկա 5 օրերին ցիկլոնային գործունեությունը հանրապետության տարածքում պահպանվելու է, հատկապես երեկոյան ժամերին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա նաև կարկուտ։

Մինչև ամսվա վերջին օրերը հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանի բարձրացում չի կանխատեսվում, քանի որ մեր երկիրը գտնվում է Սև ծովի կողմից եկող սառը օդային հոսանքների ազդեցության գոտում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---