Ապարանում սպանվածների հարազատները բողոքի ակցիա են արել

Ապարանում սպանվածների հարազատները բողոքի ակցիա են արել

PanARMENIAN.Net - Ապարանի կրակոցներիհետևանքով մահացածների ու տուժածների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել Ապարանի ոստիկանության դիմաց են։ Նրանք պահանջում են պատասխանատվության ենթարկել Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանին, նրա հորեղբոր որդուն` Ռոման Փարվանյանին, հորաքրոջ որդի Կարլեն Ղարիբյանին, ՔՊ–ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանին ու նրա եղբորորդուն։

Ակցիայի մասնակիցների համոզմամբ` նրանք ուղիղ կապ են ունեցել կատարված ոճրագործության հետ, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանը, հորաքրոջ տղան` Կարլեն Ղարիբյանը, կազմակերպում են, Փարվանյան Էդգարի հորեղբոր որդին` Ռոման Փարվանյանը, տեղում է արդեն կազմակերպում։ Էդ խումբը մտնում է Ապարան, ու այս արյունահեղությունը լինում է։ Պատգամավոր Մաթևոս Ասատրյանն ու պատգամավորի եղբորորդին անձամբ մասնակից են եղել, կազմակերպիչ են եղել։ Կազմակերպողն ավելի վատ մասնակից է, քան անողը»,– լրագրողների հետ զրույցում ասել է Ապարանում սպանված Հմայակ Միքայելյանի հորեղբայրը` Աբրահամ Միքայելյանը։

Նա նաև հայտնել է, որ կատարվածի մեջ որևէ քաղաքական ենթատեքստ չի տեսնում, համոզված է, որ կռիվը ծագել է «ստից բանից», ավտոմեքենայի ձայնային ազդանշան տալուց ու իրար չհասկանալուց։ Երիտասարդների վեճին հետևած պարզաբանումները, նրա խոսքով, օրեր են տևել։ Փոխմարզպետն ու պատգամավորն էլ, Աբրահամ Միքայելյանի համոզմամբ, տեղյակ են եղել, բայց ոչ միայն չեն կանխել ողբերգությունը, այլև կազմակերպել են այն։

«Սպանվածներն էլ, վիրավորներն էլ ընդհանրապես քաղաքականության հետ կապ չունեն։ Ես քաղաքական հարց չեմ տեսնում, ուղղակի իշխանության ներկայացուցիչները երևի ինչ ուզում, անում են։ Մենք միայն ուզում ենք, որ իրական մեղավորները պատժվեն»,– ասել է սպանված Հմայակ Միքայելյանի հորեղբայր Աբրահամ Միքայելյանը։

Հավաքվածներից Ռաֆիկ Մելիքյանն էլ պատմել է, որ կրակոցներից առաջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ինքն անձամբ տեսել է Ապարանի պարեկային ծառայության պետին։ Տեսել է նաև իրեն ծանոթ 2-3 տղաների, այդ պատճառով էլ մոտեցել է, որ հանդարտեցնի վիճողներին։

Մեկ օր անց միջադեպի բոլոր մասնակիցներին, այդ թվում` իրեն, զանգել է Ռոման Փարվանյանը և պարզաբանման կանչել Էդգար Փարվանյանին պատկանող գազալցակայան։

Մելիքյանը գազալցակայանում հավաքվածների մեջ ճանաչել է վիճաբանության մասնակից իր ծանոթ տղաներին, իսկ մնացած շուրջ 10 անձինք անծանոթ են եղել։

Նրա խոսքով` իրեն հարցրել են, թե ինչ կապ ունի այդ ամենի հետ, ու երբ ինքն ասել է, որ միայն ականատես է ու փորձել է միջամտել վեճին, իրեն ծեծել ու դուրս են հանել։ Այս ամենից զոհերի ու տուժածների հարազատները եզրակացնում են, որ բոլորին զանգահարել ու մեկ վայրում հավաքել է հենց Ռոման Փարվանյանը, որն Ապարանում հայտնի է որպես «հարց լուծող»։

Նշվում է, որ հետաքրքիր պատահականությամբ Փարվանյաններին պատկանող գազալցակայանից անհետացել է նաև դեպքի օրվա տեսագրությունը։ Հարազատների տեղեկություններով` այն գործի նյութերին կցված չէ։

Հունիսի 19-ին Նիգավանի մոտ տեղի ունեցած վիճաբանությունից հետո հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձինք՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 հոգու տեղափոխել են բժշկական կենտրոններ։ Սպանության մեջ կասկածվող 32-ամյա տղամարդը ձերբակալվել է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---