Բացվել է Գյումրիի համալիր մարզադպրոցի նոր մասնաշենքը

Բացվել է Գյումրիի համալիր մարզադպրոցի նոր մասնաշենքը

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մասնակցել է Գյումրիի համալիր մարզադպրոցի նոր մասնաշենքի բացման արարողությանը։

«Այսօր շատ հիշարժան օր է։ Գյումրիի՝ մեծ ավանդույթներ ունեցող համալիր մարզադպրոցը չուներ մշտական տարածք, մարզվում էր, մեղմ ասած, անմխիթար մարզադահլիճներում։ Վստահ եմ՝ նոր պայմանները կդրդեն աշխատել ավելի եռանդուն, նպատակամղված և խանդավառ, իսկ մոտ ապագայում մեկս մյուսին կշնորհավորենք նոր մասնաշենքում մարզված և արդեն կայացած մարզիկների մեծ հաղթանակների կապակցությամբ»,-ասել է նա։

Ուսումնամարզական գծով մարզադպրոցի փոխտնօրեն Վարդան Գրիգորյանի խոսքով արդեն կահավորվել են մարզադահլիճը, բռնցքամարտի, ձյուդոյի դահլիճները

«Ունենք նաև մարզասրահ, աշխատասենյակներ։ Դասասենյակների միավորման պարագայում կարելի է ստանալ մարզադահլիճներ, որտեղ մեր 700-ից ավելի սաներն ավելի արդյունավետ մարզումներ անցկացնելու հնարավորություն կունենան»,-ասել է նա։

Կարեն Գիլոյանն էլ նշել է, որ ՝ ԿԳՄՍ նախարարությունն իր վերաֆինանսավորմամբ այս տարի ամբողջովին կնորոգի մարզադպրոցի տանիքը, իսկ հաջորդ տարվա գարնանն արդեն ձեռնամուխ կլինեն դասարանների վերափոխմանը մարզադահլիճների։

«Մենք մի քանի մարզաձևեր կունենանք այստեղ, իսկ մարզադպրոցը կհագեցնենք ամենաժամանակակից և բարձրակարգ գույքով։ Սա դեռ սկիզբն է։ Գյումրին մեծ ավանդույթների քաղաք է։ Երկրորդ համալիր մարզադպրոցն էլ այդ ավանդույթների մի մասի կրողն է։ Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անելու է, որ այս դպրոցն այսուհետ կարողանա աշխատել առանց խնդրի ու հետագայում էլ տա այն արդյունքը, որը մենք ակնկալում ենք»,-ասել է նա։

Գյումրիի համալիր մարզադպրոցի ավելի քան 700 սաները հնարավորություն ունեն զբաղվելու բասկետբոլ, ֆուտբոլ, բռնցքամարտ, ծանրամարտ, ձյուդո, սամբո և ըմբշամարտ մարզաձևերով:

Գյումրիի համալիր մարզադպրոցը հիմնադրվել է 2000 թվականին և չնայած անբարենպաստ պայմաններին՝ աշխարհի ու Եվրոպայի մի շարք մեդալակիրներ ու մրցանակակիրներ է տվել՝ ի դեմս Մաքսիմ Մանուկյանի, Վարազդատ Լալայանի և Գրիգոր Մխիթարյանի: Նախկինում գիշերօթիկ դպրոց հանդիսացող այս շենքը ՀՀ կառավարության կողմից փոխանցվել է Գյումրիի համալիր մարզադպրոցին։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---