8 ապրիլի 2009 - 20:25 AMT
Իրան-Հայաստան երկաթուղին կոչված է մեղմացնելու Երեւանի կախվածությունը վրացական փոխադրումներից
Պնդումն այն մասին, որ ներկայիս իշխանությունները Կիեւում կարող են իսկապես օգնել ռուս-վրացական երկխոսության կարգավորմանը, շատ մեծ կասկածներ է հարուցում: Ավելի հավանական է, որ դա կարող է անել եւ արդեն անում է Շվեյցարիան, թերեւս, այն պատճառով, որ այդ երկրից վարձակալները չէին նկատվել 2008թ. օգոստոսին Հարավային Օսիայում, իսկ շվեյցարացի հրաձիգները չէին ղեկավարում ռուսական ինքնաթիռներին հարվածող վրացական համալիրները: Այդ մասին հայտնել է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշեւը: «Իսկ ինչ վերաբերում է իրանական գազը Հայաստանով, Վրաստանով, Սեւ ծովի հատակով եւ ապա Եվրոպա փոխադրելու նոր գազային ընկերակցության կազմակերպման հնարավորությանը, ապա նման ճանապարհն, առնվազն, ծայրահեղ մտահոգիչ է ենթադրվող ծախսերի տեսակետից: Իրան-Հայաստան գազատարը ներկայումս ավելի շատ լոկալ նշանակություն ունի: Միեւնույն ժամանակ գոյություն ունեն Թուրքիայի ճանապարհով իրանական գազը Եվրոպա մատակարարելու գործընթացի ինտենսիվացման նախագծեր, իսկ վերջերս իրանական ներկայացուցիչները բացատրեցին Իրաքով, Սիրիայով, Միջերկրական ծովով եւ ապա Հունաստանով ու Իտալիայով «Պարսից գազատարի» կառուցման հնարավորությունները: Այնպես որ զանազան տարբերակներ են հնարավոր, եւ նրանց հեռանկարները որոշվում են բազմաթիվ գործոնների համադրմամբ»,- նշել է փորձագետը:

Նրա խոսքով, Ուկրաինայի տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Իգոր Ուրբանսկու` վերջերս կատարած հայտարարությունն այն մասին, որ Կիեւը շահագրգռված է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման գործում, հարկավոր է դիտարկել նրա գործնական իրականացման տեսակետից, ինչպես նաեւ այն կողմից, թե ինչի համար են կատարվում նման հայտարարությունները: «Վերջերս Վրաստանի արտգործնախարարը հայտարարեց Հայաստանի հետ պաշտոնապես հռչակված հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակով բարձրացնելու մտադրության մասին,, իսկ հիմա հետխորհրդային տարածքում Թբիլիսիի հիմնական դաշնակիցը ներկայացնող պաշտոնյան միանշանակ հայտարարում է հայ-իրանական հաղորդակցական նախագծի հանդեպ հետաքրքրության մասին: Դրա հետ մեկտեղ, այդ նախագիծը կոչված է զգալիորեն մեղմացնելու Երեւանի կախվածությունը վրացական փոխադրումներից: Որոշ ժամանակ է արդեն, ինչ պաշտոնական Կիեւը ակտիվորեն փորձում է խաղալ հետխորհրդային տարածքում, բայց նրա քայլերն անհամոզիչ են դրանց ակնհայտ անինքնուրույն բնույթի հետեւանքով»,- ընդգծել է Արեշեւը, գրում է Analitika.at.ua -ը: