ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծի գործընթացը մեկնարկել է

ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծի գործընթացը մեկնարկել է

PanARMENIAN.Net - ՀԱԷԿ ՓԲԸ և «Ռուսատոմ Օվերսիզ» ԲԸ ընկերությունների միջև կնքված Փոխըմբռնման հուշագրի շրջանակում մեկնարկել է ՀՀ տարածքում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագծին ուղղված գործընթացը:

Ստեղծված համատեղ աշխատանքային խմբի հերթական նիստը կայացել է հունիսի 23-ին` տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորությամբ: Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր նախագծի ղեկավար, «ՌԷՊ» ԲԸ ընկերության նախագահի խորհրդական Վիկտոր Կոլեսնիկովը,

Առաջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ օրակարգում էր մեծ հզորության ՋՋԷՌ տիպի ռեակտորի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման (ՏՏՀ) կառուցվածքի, ՏՏՀ կատարման տեխնիկական առաջադրանքի և կիրառվելիք նորմատիվ տեխնիկական փաստաթղթերին ու լիցենզավորմանը վերաբերող մոտեցումների քննարկումը:

Քննարկումների ընթացքում դիտարկվել է ՋՋԷՌ տիպի 1000-1300 ՄՎտ հզորությամբ տիպային ստանդարտ էներգաբլոկի տարբերակը, որն անցել է համապատասխան փորձարկումներ:

Խորհրդակցությանը ներկա էին նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ներկայացուցիչները, որոնք, նախապես ուսումնասիրելով ռուսական կողմի առաջարկները, ներկայացրել են միջուկային տեղակայանքների նախագծման, տեղանքի ընտրության, կառուցման և անվտանգության երաշխիքների լիցենզավորման վերաբերյալ ՀՀ-ում գործող կարգը:

Քննարկումների և տարաբնույթ հարցուպատասխանների արդյունքում կողմերն ընդգծել են հանդիպման արդյունավետությունը, ինչն արդեն որոշակի ու զգալի քայլ է նախագիծը կյանքի կոչելու պատասխանատու գործընթացում:

Հունիսի 23-ին՝ ժամը 13:00-ին, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի 4-րդ, այնուհետև՝ ժամը 20:56-ին, 3-րդ տուրբագեներատորները միացել են ՀՀ միասնական էներգահամակարգին՝ այսպիսով հայտարարելով պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ) 2022-ի ավարտը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---