8 ապրիլի 2009 - 21:15 AMT
Համահայկական բանկը մինչեւ ապրիլի վերջը կգրանցվի Հայաստանի Կենտրոնական բանկում
«Համահայկական բանկը մինչեւ ապրիլի վերջ կգրանցվի Հյաստանի կենտրոնական բանկում», - լրագրողներին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, Կենտրոնական բանկը լիովին պատրաստ է Համահայկական բանկի գրանցմանը, որից հետո առաջին 6 մլրդ դրամը կփոխանցվի հատուկ կուտակային հաշվին: Ջավադյանի խոսքերով, Համահայկական բանկը կարող է լիցենզիա ստանալ մի քանի ամիսների ընթացքում:

ԿԲ-ի ղեկավարը հաղորդել է, որ արդեն որոշակի աշխատանքներ են իրականացվել բանկի ստեղծման ուղղությամբ, մասնավորապես, հայտարարվել է ղեկավարի պաշտոնի մրցույթ: «Ներկայացվել է 170 դիմում, սակայն թեկնածուներից ոչ մեկը չի համապատասխանել», - ասել է նա: Այդ առնչությամբ, Ջավադյանն ավելացրել է, որ այդ հարցը քննարկվել է Մրցունակության խորհրդում: «Որոշում է կայացվել դիմելու մասնագիտացված միջազգային «headhunter» ընկերությունների, որպեսզի վերջիններս օգնեն ղեկավարի ընտրության հարցում», - ասել է նա:

Բացի դրանից, Ջավադյանն ասել է, որ Կենտրոնական բանկն արդեն բանակցություններ է վարում տարբեր միջազգային կառույցների, ներդրողների հետ, որոնք փորձագետներ կտրամադրեն խորհրդատվական աշխատանքների անցկացման եւ վերջնական բիզնես-պլանի մշակման համար: «Երբ կավարտվեն բոլոր նախապատրաստական աշխատանքները` կընտրվի ղեկավար եւ կադրեր, կկազմվի բիզնես-պլան, կտրամադրվի տեխնիկական զինվածություն եւ բանկին համապատասխան շինություն, ապա Համահայկական բանկը, հնարավոր է, իր գործունեությունը կսկսի մինչեւ այս տարվա վերջ»,- ասել է Ջավադյանը:

Նշենք, որ Հայաստանի կառավարությունը 2008 թվականի նոյեմբերի 20-ին հավանություն է տվել «Համահայկական բանկի մասին» օրինագծին: «Համահայկական բանկ» ԲԲԸ կանոնադրական կապիտալը կկազմի 30 մլրդ դրամ: Հիմնադիրները կդառնան Հայաստանի կառավարությունը մասնակցության 20 տոկոս մասնաբաժնով, առաջատար համաշխարհային ֆինանսական կազմակերպություններ եւ մասնավոր ներդրողներ: