Կոմիտասի անվան պանթեոնում Ջիվան Գասպարյանի կիսանդրին կտեղադրվի

Կոմիտասի անվան պանթեոնում Ջիվան Գասպարյանի կիսանդրին կտեղադրվի

PanARMENIAN.Net - Ականավոր դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան առաջին տարելիցին՝ հուլիսի 6-ին Կոմիտասի անվան պանթեոնում, որտեղ ամփոփվել է երաժշտի մարմինը, կբացվի դուդուկահարի կիսանդրին: Քանդակի հեղինակը քանդակագործ Ալեքսան Բաբայանն է:

Ջիվան Գասպարյանը մահացել է 2021-ի հուլիսի 6-ին՝ ԱՄՆ-ում: Հանրահայտ դուդուկահարի հուղարկավորությունը տեղի է ունեցել Հայաստանում՝ հուլիսի 24-ին. Գասպարյանի աճյունն ամփոփվել է Կոմիտասի անվան պանթեոնում։

Գասպարյանին նվիրված մի շարք միջոցառումներ, համերգային ծրագրեր և այլ նախաձեռնություններ կանցկացվեն ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում, գրում է Panorama.am-ը։

Սեպտեմբերին Ջիվան Գասպարյան կրտսերը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է, համերգային ծրագրով կներկայանա Երևանում:

Ջիվան Գասպարյանն առաջին մրցանակը ստացել է 1956 թվականին, իսկ 1959 թվականին՝ առաջին ոսկե մեդալը Չորրորդ Միջազգային փառատոնում՝ ՄԱԿԳՄի (UNESCO) հովանավորության տակ։ Նույն մրցույթին մասնակցելով, 1962 թվականին ստացել է արծաթե մեդալ, 1973 թվականին՝ բրոնզե, 1973 թվականին արժանացել է ՀՀ Ազգային արվեստագետ պատվավոր կոչմանը։

1988 թվականից սկսել է միջազգային երաժշտական գործունեությունը։ Նույն թվականին Բրայան Ինոն, պատահաբար լսելով երաժշտապետի ներկայացումը Մոսկվայում, որոշում է նրան Լոնդոն հրավիրել։ Պիտեր Գաբրիելը նրա նվագը օգտագործել է Մարտին Սկորսեզեի ֆիլմում՝ «Քրիստոսի վերջին գայթակղությունը»։ Համագործակցել է Կրոնոս Կվարտետի և Լոս Անջելեսի Երաժշտասիրական Օրկեստրայի հետ։

Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը` «Քրիստոսի վերջին չարչարանքները» (1988 թ., ԱՄՆ), «Ռոնին» (1998 թ., ԱՄՆ), «Օնեգին» (1999 թ., ԱՄՆ), «Գլադիատոր» (2000 թ., ԱՄՆ), «Սիրանա» (2005 թ., ԱՄՆ), «Արյունոտ ադամանդ» (2006 թ., ԱՄՆ), «Ձյուն և մոխիր» (2015 թ., Ռուսաստան) և այլն։

Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություններ, նվագել է շուրջ 20 հազար համերգներում։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---