Սյունիքի որոշ տարածքներ կճանաչվեն հանրության գերակա շահ. Հյուսիս-հարավ միջանցքի շրջանակում

Սյունիքի որոշ տարածքներ կճանաչվեն հանրության գերակա շահ. Հյուսիս-հարավ միջանցքի շրջանակում

PanARMENIAN.Net - Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզում որոշ տարածքներ հանրության գերակա շահ կճանաչվեն:

Դրանով անհրաժեշտ շինհրապարակ կազատվի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության համար։

Այդպիսի տարածքներ կճանաչվեն Մ 2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի մաս հանդիսացող Սիսիան-Քաջարան նոր հատվածի (այդ թվում Բագրուշատի թունելի) օտարման գոտու սահմաններում գտնվող տարածքները:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել II տեխնիկական կարգի (100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ) մոտ 60 կմ ընդհանուր երկարությամբ Սիսիան-Քաջարան նոր ճանապարհահատված, այդ թվում՝ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ կամուրջների և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ թունելների (ամենաերկարը` Բարգուշատի թունելն է, որի երկարությունը կկազմի մոտ 8.6 կմ) կառուցման աշխատանքներ։

Նախագծային փաստաղթերի համաձայն՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի օտարման գոտու սահմաններում են գտնվում ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան, Աղիտու, Գեղի, Գետաթաղ, Դարբաս, Լեռնաձոր, Լոր, Իշխանասար, Նորավան, Շենաթաղ, Որոտան, Վաղատին, Ույծ, Նոր Աստղաբերդ բնակավայրերում գտնվող՝ ընդհանուր 570 միավոր հողամաս և առանց վերջիններիս օտարման հնարավոր չէ ծրագրի իրագործումը:

Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Այդ ճանապարհն անցնում է այնպիսի տեղերով, որտեղ մասնավոր հողակտորներ կան: Մենք հիմա գերակա շահ ենք ճանաչում, որպեսզի քաղաքացիներից գնենք այդ հողակտորները և տրամադրենք Հյուսիս-հարավի կառուցման համար»։

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ենթակառուցվածքային խոշոր ներդրումային ծրագիրը նպատակ ունի միջազգային բարձր չափանիշներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով հանրապետության հարավային և հյուսիսային սահմանները կապել միմյանց հետ՝ կրճատելով ճանապարհի երկարությունը մոտ 85 կմ-ով: Նշված տարածությունն անցնելը տրանսպորտային միջոցների համար ներկայիս 9-9.5 ժամից կնվազի մինչև 4.5 ժամ:

Ծրագրի իրագործման արդյունքում կբարձրանա երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը՝ ապահովելով նաև արևելքից արևմուտք իրականացվող տրանսպորտային շարժի և բեռնափոխադրումների տարանցիկ ճանապարհ դառնալու նպատակի իրագործումը, միաժամանակ, զարգացման լուրջ հնարավորություններ ընձեռելով Հայաստանի հարավից հյուսիս ընկած բնակավայրերին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---