8 ապրիլի 2009 - 22:19 AMT
Ադրբեջանը Թուրքիային մեղադրում է «սեւ երախտամոռության մեջ»
Անկախ Ադրբեջանի շահերին ամենամեծ հարվածը հասցնում է Հայաստանի հետ պետական սահմանը բացելու մտադրություն ունեցող Թուրքիայի ներկա ղեկավարությունը: Այդ մասին Բաքվում հայտարարել է Քաղաքական նորարարությունների եւ տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլուն : «Բոլոր այս տարիներին Ադրբեջանն իր արտաքին քաղաքականությունը կառուցում էր Թուրքիայի շահերին համապատասխան: Բաքուն բավականաչափ չէր զարգացնում իր հարաբերությունները Մոսկվայի հետ, խոր համագործակցություն չէր ծավալում Վաշինգտոնի հետ, քանի որ մեզ համար յուրօրինակ փարոս, գերակայություն եղել է ռազմավարական համագործակցությունն Անկարայի հետ», - նշել է նա: Նրա խոսքերով, հենց այդպիսի արտաքին քաղաքական կողմնորոշման առումով էլ Ադրբեջանի վրա մշտապես ճնշում է գործադրվել:

«Մենք երկար ժամանակ է վերջանականապես «Այո» չենք ասում Nabucco նախագծին, ձգտելով, որպեսզի քարտեզի վրա հսակորեն նշվի անցկացման երթուղին, որպեսզի ադրբեջանական եւ Միջին Ասիայի պետությունների էներգապաշարները Արեւմուտք, Եվրոպա փոխադրվեն հենց Թուրքիայի տարածքով` շրջանցելով Հայաստանը: Մենք միշտ պաշտպանել ենք Անկարայի շահերը: Սակայն Թուրքիան մեզ փոխհատուցում է սեւ երախտամոռությամբ», - ընդգծել է Ահմեդօղլուն, ավելացնելով նաեւ, որ Ադրբեջանը նաեւ բազմաթիվ անգամներ հրաժարվել է Մոսկվայի եւ Թեհրանի փոխշահավետ առաջարկություններից, հաղորդում է Day.Az-ը: