«5-րդ ալիքը» տուգանվել է. Նույն թեմայի՝ ընդդիմության ակցիաների լուսաբանումը գերազանցել է թույլատրելի սահմանը

«5-րդ ալիքը» տուգանվել է. Նույն թեմայի՝ ընդդիմության ակցիաների լուսաբանումը գերազանցել է թույլատրելի սահմանը

PanARMENIAN.Net - Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը տուգանել է «5-րդ ալիքին»՝ մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ եթերում մեծածավալ է եղել ընդդիմության ակցիաների լուսաբանումը՝ գերազանցելով թույլատրելի սահմանը։

Հանձնաժողովը իր վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս՝ Հեռարձակողի գործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրել է տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ՇԱՐԿ» ընկերության «5-րդ ալիք» տեսալսողական ծրագրի կողմից օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի խախտման, ինչպես նաև «ՇԱՐԿ» ընկերության լիցենզիայի պայման հանդիսացող՝ հայտով նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ ներկայացված փաստաթղթին համապատասխան չգործելու փաստեր։

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում և տեսագրության մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ ընկերության «5-րդ ալիք» տեսալսողական ծրագրի կողմից «Հայլուր» լրատվական թողարկումների ժամանակ նույն թեմայի մասին լուսաբանումը՝ ընդդիմության ակցիաների, այդ թվում՝ երթերի, ելույթների, հանրահավաքների վերաբերյալ կազմել է 47%-91,6%, որի թույլատրելի սահմանը օրենքով պետք է կազմի հաղորդման եթերաժամի 25%-ը, ինչպես նաև լրատվական, հասարակական-քաղաքական և վերլուծական ուղղվածության հաղորդումներում չեն ապահովել բազմակարծության սկզբունքը, բազմակողմանի լրատվությունը, ինչպես նաև չի առաջնորդվել լրատվության անաչառության, բազմակարծության և անկողմնակալության ապահովման գերակա սկզբունքով:

Ընկերությունը իր գրավոր պարզաբանման, ինչպես նաև նիստի ժամանակ բանավոր խոսքում հայտնել է, որ մշտադիտարկման իրականացման ժամանակահատվածում հնարավոր է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի որոշ հոդվածների խախտման հատկանիշներ, և որ արձանագրության մեջ գրված դիտողությունների որոշ մասին համաձայն են և կփորձեն շտկել, իսկ արձանագրության մեջ ձևակերպված որոշ փաստերի հետ ունի անհամաձայնություն:

Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է Հեռարձակողի կողմից իրականացված երկու իրավախախտում: Ելնելով վերոգրյալից և առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի մի շարք դրույթներով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՇԱՐԿ» ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում՝ լրատվական հաղորդումներում նույն թեմայի վերաբերյալ լուսաբանումը հաղորդման եթերաժամի 25 տոկոսը գերազանցելու պահանջը խախտելու համար և «ՇԱՐԿ» ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 29-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---