Փաշինյան․ ՀՀ-ում դեռևս դժվարանում է նախաքննություն վարելը մեղադրյալի չկալանավորված լինելու դեպքում

Փաշինյան․ ՀՀ-ում դեռևս դժվարանում է նախաքննություն վարելը մեղադրյալի չկալանավորված լինելու դեպքում

PanARMENIAN.Net - ‌Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ դատախազության ստեղծման 104-ամյակին և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին ունեցած ելույթում ասել է, որ շատ դժվար է գերագնահատել դատախազության և դատախազի՝ որպես ինստիտուտի կարևորությունը պետության ինստիտուցիոնալ կայացման և իրավական անվտանգության ապահովման գործում և հավելել է, որ պատժի անխուսափելիության սկզբունքը պետության կայացման ամենակարևոր գործոնն է:

Անդրադառնալով կալանքների թեմային՝ վարչապետն ասել է, որ ՀՀ-ում դեռևս շարունակում է դժվարանալ նախաքննություն վարելը մեղադրյալի չկալանավորված լինելու պայմաններում։

«Մեր բանտերի կիսադատարկ լինելը, անկեղծ պիտի ասեմ, համարում եմ քաղաքական շատ կարևոր ձեռքբերում մեր կառավարության համար: Բայց այս ընթացքում արձանագրել ենք նաև մի բան, որ Հայաստանում դեռևս շարունակում է դժվարանալ նախաքննություն վարելը մեղադրյալի չկալանավորված լինելու պայմաններում: Երբ խոսում են իրավունքի և իրավական մտքի զարգացման մասին, ինձ համար ամենակարևոր չափանիշը հետևյալն է՝ թե ինչքանով կարող է մեր երկրում նախաքննությունը լինել արդյունավետ և արդյունքում պատիժը լինել անխուսափելի՝ այն պայմաններում, երբ մեղադրյալը կալանքի տակ չէ: Սա, իհարկե, իմ ոչ պրոֆեսիոնալ հայացքի և աչքի համար ամենակարևոր, բարձր մակարդակն է, երբ կարելի է մեղադրյալի՝ ազատության մեջ գտնվելու պայմաններում վարել նույնքան արդյունավետ նախաքննություն, որքան կալանքի պարագայում: Իհարկե, հասկանալի է՝ կան դեպքեր, որ կալանքն ուղիղ բխում է նախաքննության շահերից և անհրաժեշտությունից»,-ասել է նա։

Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև հակակոռուպցիոն պայքարի և պետական կառավարման համակարգի արդյունավետության կարևորությունը։

«․․․Եթե խոսում ենք կոռուպցիայի մասին, ավելի պարզ այն հետևյալն է. դրանք այն արգելակներն են, որոնք թույլ չեն տալիս, որ այն միջոցները, որոնք պետք է կենտրոնանան պետական բյուջեում, կենտրոնանան պետական բյուջեում: Հետևաբար, կոռուպցիայի դեմ պայքարն է ամենակարևոր միջոցը, որով պետք է գեներացնենք այն անհրաժեշտ միջոցները, որով պետք է ապահովենք մեր պետական ծախսերը, ներառյալ պետական և իրավապահ համակարգի սոցիալական երաշխիքների համակարգը:

Մյուս հանգամանքը, որն ընդհանրապես կա, մեր պետական կառավարման համակարգի արդյունավետությունն է․․․Երբ խոսում ենք քրեական գործերի ծավալի մեծացման մասին, հաճախ մոռանում ենք, որ այդ ծավալը քննում են կամ այդ ծավալի գործերով զբաղվում են միևնույն թվով մարդիկ միևնույն աշխատավարձով: Ես այս ամենն ասում եմ՝ արձանագրելու համար, որ մենք հստակ գիտակցում ենք այն օրակարգը, որ կա, և այդ օրակարգի լուծումը մեզ համար, իհարկե, առաջնահերթություն է: Պիտի կրկնեմ, որ միանշանակ է և աներկբա՝ այն բոլոր պրոբլեմները, որ մենք ունենք, կապված են մեր պետական ինստիտուտների կայացման աստիճանի հետ»,-ասել է վարչապետը

Ամփոփելով՝ Փաշինյանը նշել է․ «Դատախազը մեր ամենահայտնի հեքիաթներից մեկի՝ «Հազարան Բլբուլի» հերոսի նման պետք է կարողանա հաղթահարել բարձունքն առանց շեղվելու կողքից հնչող, գայթակղող և վախեցնող ձայներից: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ ձեր կատարած աշխատանքի համար, որ, ահա, այդպիսի հետևողական, ամուր և հաստատուն քայլերով մենք գնում ենք առաջ: Ինչքան դժվար է դատախազի աշխատանքը, ինչքան դժվար էր պատերազմից և հայտնի իրադարձություններից առաջ, դրանից հետո ավելի դժվար է՝ մեզ հայտնի հանգամանքների բերումով, որովհետև էմոցիաներին ավելացել են նոր էմոցիաներ, ողբերգություններին ավելացել են բազմաթիվ նոր ողբերգություններ: Բայց, այնուամենայնիվ, դատախազական գործառույթն այն գործառույթն է, որ մեր պետականությանը պետք է թույլ տա հաղթահարել մեր ազգային հեքիաթում նկարագրված բարձունքը: Մենք ճշգրիտ հենց այդ հեքիաթում նկարագրված պայմաններում ենք քայլում, և մենք անպայման պետք է հասնենք մեր երազած բարձունքին»:

Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար՝ ՀՀ վարչապետի միջնորդությամբ և ՀՀ նախագահի հրամանագրերով Դատախազության համակարգի մի շարք աշխատակիցներ արժանացել են պետական պարգևների:

Նիստին մասնակցել են ՀՀ գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ նորընտիր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Դատախազության համակարգի ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---