Թագուհի Թովմասյանը հրաժարական չի տա, կշարունակի գլխավորել ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովը

Թագուհի Թովմասյանը հրաժարական չի տա, կշարունակի գլխավորել  ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովը

PanARMENIAN.Net - ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել, նա հրաժարական չի տա։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօր քաղաքական իշխանությունը կայացրեց որոշում՝ ընդդիմադիրներին ԱԺ վարչական պաշտոններից զրկելու վերաբերյալ։ Ինչպես երեկ հայտարարել էի, սա Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքական հաշվեհարդար էր ընդդիմադիր գործիչների նկատմամբ, որի առնչությամբ շարունակաբար միջազգային աղմուկ եմ բարձրացնելու:

Ի համերաշխություն Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի՝ մյուս մեր գործընկերները ևս հրաժարվեցին իրենց վարչական պաշտոններից:

Ես երկար ծանրութեթև արեցի որոշումս կայացնելուց առաջ: Եւ պետք է մի քանի արձանագրում անեմ.

- Եթե գործընկերային համերաշխության մասին էր խոսքը, ապա պետք է բոլորս գործընկերաբար Արթուր Վանեցյանից հետո հրաժարվեինք մեր պատգամավորական մանդատներից:

- Դեռ նախորդ տարի հայտարարել էի, որ բոլոր ընդդիմադիրներով պետք է վայր դնենք մանդատները՝ պայմանով, որ հաջորդներից էլ որևէ մեկը չի վերցնելու իրեն տրված մանդատը: Այսինքն՝ մանդատից երբեք կառչած չեմ եղել:

- Աժ պատգամավորի մանդատը, ինչպես հանձնաժողովի նախագահի կարգավիճակը, ընտրությունների միջոցով ժողովրդի կողմից տրված ժամանակավոր պատգամ է՝ ծառայելու քաղաքացուն:

- ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը վարչական պաշտոն չէ, այլ առաքելություն, ընդդիմադիր պատգամավորի համար պայքարի լծակ:

- Կարծում եմ, որ այս փուլում, հատկապես երբ որոշվում է Արցախի մեր հայրենակիցների ճակատագիրը, երբ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների խախտումների լրջագույն խնդիրներ են արձանագրվում, գործ անելու կարիք կա:

- Ստեղծված իրավիճակում, երբ մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել եմ այն ահազանգերի մասին, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը առնչվող բոլոր ոլորտները ըստ էության գտնվում են իշխող կուսակցության ամբողջական վերահսկողության տակ (դատարաններ, քննչական մարմիններ, դատախազություն և այլն), ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ որպես առաքելություն, մնացել է այն առանցքային օղակներից մեկը, որը զբաղվում է նաև իշխանության տեսակետները բազմաթիվ հարցերում չկիսող մեր հասարակության մի ստվար զանգվածի իրավունքների խախտման հարցերով: Եվ ճիշտ չէ հասարակության այդ ստվար զանգվածին զրկել այս կարևոր օղակից, որը հնարավորություն է տալիս այս ծանր իրավիճակում շարունակաբար և հետևողականորեն զբաղվել մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությամբ»,-գրել է նա։

Թովմասյանը նշել է, որ ստեղծված իրավիճակում համաձայն լինելով ընդդիմադիր գործընկերների բարձրաձայնումներին՝ առկա վտանգների, սպառնալիքների և մարտահրավերների վերաբերյալ, որոնց առջև կանգնած է երկիրը, այդ թվում նաև դրանց դիմակայելու անհրաժեշտությունից ելնելով՝ որոշել է շարունակել իի գործունեությունը՝ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անկուսակցական, անկախ նախագահ:

Հուլիսի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի շրջանակում տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պաշտոններից զրկել է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին։

Ավելի ուշ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս վարչական՝ հանձնաժողովի նախագահի, փոխնախագահի պաշտոններից, և նոր թեկնածու չի առաջադրի։ Պաշտոններից հրաժարվ եցին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հայկ Մամիջանյանը, ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թադևոս Ավետիսյանը և ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արթուր Խաչատրյանը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---