Պաշտպանական խումբ․ Հերթական ապօրինությունն է գրանցվել Չալաբյանի գործի քննության հարցում

Պաշտպանական խումբ․ Հերթական ապօրինությունն է գրանցվել Չալաբյանի գործի քննության հարցում

PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին կալանավորված հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ հերթական ապօրինությունն է գրանցվել գործի քննության հարցում։

Նշվում է, որ Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը հանրային հրապարակում է կատարել, որտեղ իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրել գործով հերթական իրավախախտման վրա: Հարությունյանը, մասնավորապես, տեղեկացրել է, որ Չալաբյանի խափանման միջոցն այլ խափանման միջոցով փոխելու միջնորդության մերժման որոշման դեմ փաստաբանների կողմից բերված վերաքննիչ բողոքն ավտոմատ համակարգով մակագրվել է մի դատավորի, ապա, ըստ երևույթին արդեն ոչ ավտոմատ համակարգով նշանակվել այլ դատավորի, ինչը դատարանի վրա ներգործության արձանագրում է և ակնհայտ ապօրինություն:

«Երեկ զանգում ենք Վերաքննիչ քրեական դատարանի գրասենյակ և շատ հստակ պատասխանում են, որ դատավոր Արշակ Վարդանյանին են մակագրել գործի քննությունը։ Այսօր զանգահարում ենք պարոն Վարդանյանի կազմ՝ տեղեկանալու, թե արդյոք նիստ նշանակվել է։ Պատասխանում են, որ մենք այդպիսի գործ չենք ստացել։ Կրկին զանգահարում ենք գրասենյակ և մեզ պատասխանում են, որ գործը մակագրվել է դատավոր Տիգրան Սիմոնյանին»,- իր ֆեյսբուքյան գրառման մեջ պատմել է Վարազդատ Հարությունյանը: Նա ընդգծել է, որ սա հերթական ապօրինությունն է, որին իրենք դեռ կանդրադառնան:

«Հատկանշական է, որ Ավետիք Չալաբյանի գործը վերամակագրվել է այս պահին դատավորների վարկանիշավորման helpcourt համակարգում ամենացածր ռեյտինգ ունեցող դատավորին: Հետաքրքիր զուգադիպությամբ վատագույն ռեյտինգի երկրորդ հորիզոնականում այն դատավորն էր, որի կայացրած կալանավորման որոշումը դեմ հենց փաստաբանների բողոքն էր քննվելու: Նշենք, որ դատավորների ռեյթինգը ձևավորվում է բացառապես իրավական գնահատականների վրա և վատագույն ռեյթինգը կարող է նշանակել ենթադրյալ կանխակալություն և ոչ արդար որոշումներ:

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով փոփոխությունների է ենթարկվել»,-ասվում է հայտարարության մեջ։

Չալաբյանը ձերբակալվել է մայիսի 12-ին։ Ըստ Քննչական կոմիտեի՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2,000,000 դրամ գումար:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---