1 հուլիսի 2002 - 22:36 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանը միշտ կատարել է եւ կատարում է իր ստանձնած պարտավորությունները Եվրոպայում սովորական սպառազինությունների Պայմանագրի վերաբերյալ: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շախսուվարյանը` հերքելով ադրբեջանական «ANS» հեռուստաընկերության տեղեկատվությունը` Հայաստանի կողմից Պայմանագրի խախտման մասին: Համաձայն այդ տեղեկատվության` Վրաստանից դուրս բերված ռազմական տեխնիկան իբր հանձնվում է հայկական կողմին: Ի պատասխան այդ հայտարարության, Սեյրան Շախսուվարյանը նշել է, որ եթե նույնիսկ Վրաստանից դուրս է բերվում ռազմական տեխնիկան, ապա այն չի հանձնվում հայկական կողմին, այլ տեղակայվում է Գյումրիում գտնվող ռուսաստանյան ռազմական բազայում: Նրա խոսքերով` համաձայն Եվրոպայում սովորական սպառազինությունների վերաբերյալ պայմանագրի, մասնագետները մշտապես ուսումնասիրում են Հայաստանի սպառազինությունները: Վերջին ուսումնասիրությունը, որտեղ մասնակցել են նաեւ թուրք մասնագետները, անց է կացվել բոլորովին վերջերս, ավելացրել է մամուլի քարտուղարը: Համաձայն ադրբեջանական հեռուստաընկերության այլ տեղեկատվության` Հայաստանն իբր թաքցնում է իր սպառազինությունների մի մասը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Մեկնաբանելով այս հայտարարությունը` Սեյրան Շախսուվարյանը նշել է. «Լեռնային Ղարաբաղն ունի իր բանակը, ընդ որում իր սպառազինությունների մի մասը նա ձեռք է բերել ադրբեջանական բանակից` հաջող ռազմական գործողությունների արդյունքում»:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: