8 ապրիլի 2009 - 23:12 AMT
«Գազպրոմը» վտանգել է Nabucco նախագծի իրագործումը
Էներգապաշարների եվրոպական սպառողներն անցած ամիս, հավանաբար, թեթեւացած շունչ են քաշել, երբ Եվրամիությունը Nabucco նախագծի սկզբնական ֆինանսավորման համար 200 մլն եվրո հատկացնելու մասին որոշում էր կայացրել, գրում է The Wall Street Journal-ը:

«Թվում է, թե Եվրամիությունը վերջապես համախմբվել է Թուրքիայի տարածքով Եվրոպա բնական գազի մատակարարման նախագծին, որը այլընտրանք կհանդիսանա Ռուսաստանից ներմուծմանը, ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Առաջին փուլում Nabucco նախագիծը պետք է կախված լիներ Կասպից ծովում ադրբեջանական «Շան-Դենիզ II» եւ «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» հանքավայրերից մատակարարվող գազից, երկրորդ փուլում` Թուրքմենստանի, Իրանի, Իրաքի եւ այլ պետությունների գազից: Սկզբնապես Ադրբեջանը պետք է հանգուցային դեր խաղար: Սակայն ռուսները, ամենայն հավանականությամբ, նախաձեռնությունն իրենց ձեռքն են վերցրել», - գրում է հոդվածի հեղինակ Միացյալ Նահանգների Ատլանտյան խորհրդի գիտաշխատող եւ «Թուրքիայի զարգացող դինամիկան» ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի զեկույցի համահեղինակ Ալեքսանդր Պետերսենը:

Նյութում նշվում է, որ Ադրբեջանի պետըական էներգետիկ ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլաեւը մարտի 27-ին այցելել է Մոսկվա, որտեղ «Գազպրոմի» գրասենյակում Եվրամիություն հետագա արտահանության հնարավորությամբ ռուսական սպառման համար երկու նոր հանքավայրից գազի մատակարարումների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել: Այդ համաձայնագիրը, որն առայժմ միայն խորհրդատվական բնույթ է կրում, կարող է Nabucco նախագիծը միանգամայն աննպատակահարմար դարձնել:

«Գազպրոմի» առաջարկությունը քննարկվել է առնվազն 2008 թվականի մարտից: Ի՞նչն է Աբդուլաեւին ստիպել Մոսկվա այցելել հենց հիմա: Վերջին մի քանի ամիսներին տեղի ունեցած երկու խոշոր իրադարձություն փոխել են բաշխումը. դրանք են հարեւան Վրաստան Ռուսաստանի ներխուժումը եւ իր տարածքով անցնող էներգետիկ նախագծերը Եվրամիությանն անդամակցելու Անկարայի ձգտման հետ կապելու Թուրքիայի որոշումը: Առաջինը փոխել է տարածաշրջանի արեւմտյան կողմնորոշումը, թեեւ չի արգելափակել Բաքվի ծրագրերը: Սակայն երկրորդն Ադրբեջանին եւ Կասպիան շրջանում նավթի եւ գազի այլ արտադրողներին զրկել է դեպի Եվրոպա կարեւոր կամուրջից: Ուրիշ ընտրություն, քան դեպի հյուսիս` դեպի Ռուսաստան շրջվելը, ընդհանուր առմամբ չի մնացել», - գրում է Պետերսենը: