2022-ին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվն աննախադեպ ավելացել է․ Մոտ 10,000 մարդ է դիմել

2022-ին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվն աննախադեպ ավելացել է․ Մոտ 10,000 մարդ է դիմել

PanARMENIAN.Net - 2022 թվականին աննախադեպ ավելացել են օտարերկրյա պետություններում բնակվող հայերի կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումները։ Այդ մասին ասվում է ոստիկանության տարածած պարզաբանման մեջ, որտեղ նշվում է, որ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը և տարածքային անձնագրային ծառայություններն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով, ինչը պայմանավորված է մի շարք գործոնների միաժամանակյա առկայությամբ։

Եթե 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քանակը կազմել է 3448, ապա 2022-ի նույն ժամանակահատվածի համար այն կազմել է 9917 (մոտ 3 անգամ ավելի

Անհամեմատ մեծացել են նաև ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու /փոխանակելու համար ներկայացվող դիմումները։ Դիմումատուների մեծ քանակ են կազմում օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացիները, որոնք ամռան ընթացքում գտնվելով Հայաստանում՝ դիմում են ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու կամ իրենց ժամկետանց անձնագրերը փոխանակելու համար։

«Հիմնականում ամռան ամիսներին, սեզոնային առանձնահատկություններով պայմանավորված, կտրուկ մեծանում է անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար դիմողների քանակը։ Մասնավորապես, աճում են ինչպես մեր հայրենակիցների կողմից հանգստանալու նպատակով արտերկիր մեկնելու համար անձնագիր ձեռք բերելու, դրանում օտարերկրյա պետություններում վավերականության նշում կատարելու համար դիմելու դեպքերը, այնպես էլ օտարերկրյա պետություններից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների կողմից անձնագիր ստանալու կամ փոխանակելու դիմումները։ Սակայն 2022 թվականն էապես տարբերվում է նախկին տարիներից, քանի որ աննախադեպ ավելացել են օտարերկրյա պետություններում բնակվող մեր հայրենակիցների ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումները։

Այս տարի ավելացել է նաև երկար ժամանակով Հայաստանում բնակվելու և աշխատելու նպատակով ՀՀ ժամանող օտարերկրացիների թիվը, որոնք ՀՀ-ում իրենց բնակությունն օրինականացնելու, հաշվառվելու, ինչպես նաև հանրային ծառայությունների համարանիշ ստանալու նպատակով դիմում են անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ՝ անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելու համար։

Մեծացել են ՀՀ քաղաքացիություն և ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու նպատակով օտարերկյա պետություններում գտնվող ՀՀ դիվանագիտական մարմիններ դիմողների քանակը, դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում կատարվում է քաղաքացիների էլեկտրոնային հերթագրում։ Դիմելիության մեծ աճով պայմանավորված նշված մարմիններում արդեն առաջիկա 2-3 ամիսների համար սպառվել է հերթագրվելու հնարավորությունը, ուստի անձինք գերադասում են ժամանել ՀՀ՝ տեղում անհրաժեշտ գործողություններ կատարելու նպատակով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ վերը թվարկված, ինչպես նաև մի շարք այլ գործոններ, օրինակ՝ երեխաներին դպրոց ընդունելու համար հաշվառումների իրականացում, հաշվառման և հանրային ծառայությունների համարանիշի ստանալու տեղեկանքների տրամադրում և այլ հանգամանքներ անձնագրային և վիզաների վարչությունում և տարածքային անձնագրային ծառայություններում առաջացրել են մեծ հերթեր։

«Անձնագրային և վիզաների վարչությունն իր մարդկային և նյութական ռեսուրսների շրջանակում ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու դիմումատուների պատշաճ սպասարկումը և օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով գործերի ընթացքը, ինչպես նաև քննարկվում են որոշ ծառայություններ էլեկտրոնային եղանակով մատուցելու հնարավորության հարցերը»,-ասվում է ոստիկանության պարզաբանման մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---