Հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և պայմանագիր կնքած զինծառայողը 3 սենյականոց ծառայողական բնակարան կստանա Երևանում

Հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և պայմանագիր կնքած զինծառայողը 3 սենյականոց ծառայողական բնակարան կստանա Երևանում

PanARMENIAN.Net - 2022-ի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառությունն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով կհատկացվեն ծառայողական բնակարաններ: Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Զինծառայողը Երևանում կստանա 3 սենյականոց բնակարան, որի առավելագույն արժեքը սահմանված է 28.5 մլն դրամ: 2026 թ. ուսումնառությունն ավարտելուց հետո վերջինս կստանա բնակարան և կտնօրինի մինչև ծառայության ավարտը՝ բացառությամբ այն վաճառելու իրավունքի: Նախարարը տեղեկացրել է, որ սպան կարող է բնակարանը հանձնել վարձակալության՝ հաշվի առնելով Երեւանում եւ մարզերում վարձակալության գների տարբերությունը:

Սպան սեփականության իրավունք կստանա 20 տարվա զինվորական ծառայությունից անմիջապես հետո:

Պապիկյանն ասել է նաև, որ 20 տարվա զինծառայության ժամկետը լրանալու, ինչպես նաև մինչև պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում այդ բնակարանը զինծառայողին տրամադրվելու է անհատույց սեփականության իրավունքով:

Պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու (մահանալու) դեպքում, զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվելու է նրա ընտանիքի անդամներին:

Բնակարանների տրամադրման այս կարգը կվերաբերի նաև գործընկեր երկրների ռազմական ուսումնական հաստատություններում ուսանած երիտասարդներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---