8 հուլիսի 2022 - 16:34 AMT
Միջազգային ճարտարապետները կմասնակցեն Դիլիջանի զարգացման ծրագրի մշակմանը․ Բնակֆոնդ ևս կկառուցվի

Միջազգային ճարտարապետների խումբը «Իմպուլս Մենեջմենթ Քոմփանի» ընկերության հետ համատեղ կմասնակցի սոցիալական ձեռներեցներ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնած Դիլիջանի համալիր զարգացման ծրագրի մշակմանը։ Ծրագիրը ներառում է ենթակառուցվածքային նախագծերի մշակում, բնակֆոնդի կառուցում, նոր կրթական, մշակութային, բժշկական և ժամանցի կենտրոնների ստեղծում։

Դիլիջան ժամանած օտարերկրյա ճարտարապետների թվում են բրիտանական ճարտարապետական Tim Flynn Architects բյուրոյի ղեկավար Թիմ Ֆլինը, Glasser und Dagenbach GDR բյուրոյի համահիմնադիր, լանդշաֆտային ճարտարապետ Ուդո Դագենբախը, Serge Castella Interiors ընկերության ինտերիեր-դիզայներներ Սերժ Կաստելլան և Ջեյսոն Ֆլինը, ինչպես նաև KMD Architects ընկերության ներկայացուցիչ՝ դիզայներ Չակ Չալյունգ Կվոն:

Tim Flynn Architects ճարտարապետական բյուրոն մասնակցել է UWC Dilijan միջազգային դպրոցի նախագծի մշակմանը։

Ճարտարապետների և դիզայներների թիմը քննարկել է Դիլիջանի ենթակառուցվածքների համալիր զարգացման հնարավոր սցենարները: Քննարկված հարցերի թվում էին թափառող կենդանիների կացարանի, էկո-ֆերմայի, ժամանակակից բժշկական կենտրոնի, բնակարանային ֆոնդերի, ապարտամենտների և մանկական կրթական կենտրոնների ստեղծման գաղափարները: Բացի այդ, ճարտարապետներին ներկայացվել են Դիլիջանի կենտրոնական քաղաքային զբոսայգու զարգացման ծրագրի շուրջ տեղի ունեցած հանրային քննարկման արդյունքները։

«Իմպուլս Մենեջմենթ Քոմփանի ընկերությունը» զբաղվում է ներդրումային ֆոնդերի կառավարմամբ՝ ներդրումներ կատարելով քաղաքների և տարածքների համալիր զարգացման ակտիվներում, այդ թվում՝ ենթակառուցվածքային նախագծերում, զբոսաշրջության զարգացման ծրագրերում, կրթական հարթակներում և հատուկ նախագծերում: