8 հուլիսի 2022 - 18:07 AMT
ԱԺ նախագահը՝ Էստոնիայի դեսպանին․ Ծայրահեղ մտահոգիչ է Էստոնիայի խորհրդարանի խոսնակի այցը հայաթափված Շուշի

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն Էստոնիայի դեսպան Ռինա Կալյուրանդի հետ հանդիպմանը ծայրահեղ մտահոգիչ է որակել Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Յուրի Ռատասի՝ մայիսի 24-ին Շուշի կատարած այցը։

«Մենք մշտապես հետևում ենք Էստոնիայի խորհրդարանի գործունեությանը և չափազանց կարևորում մեզ համար զգայուն հարցերի շուրջ ցանկացած հայտարարություն կամ որևէ այլ դրսևորում»,-նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Սիմոնյանի խոսքով՝ հայաթափված Շուշիում Ռատասի կողմից արված հայտարարությունները ոչ միայն չեն արտացոլում մեր երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների շունչը, այլև հակասում են Էստոնիայի պաշտոնական աջակցությանը ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության շրջանակում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Նա տեղեկացրել է դեսպանին, որ այդ կապակցությամբ նամակ է հղել Էստոնիայի խորհրդարանի խոսնակին, որում բացատրել է հակամարտության էությունը և 2020 թ. աղետալի պատերազմի հետևանքները: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ էստոնացի գործընկերն առաջիկայում կայցելի Հայաստան և տեղում կծանոթանա իրավիճակին, նաև կհանդիպի Լեռնային Ղարաբաղը ներկայացնող պաշտոնյաների հետ:

Էստոնիայի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավորություն կընձեռվի Էստոնիայի խորհրդարանի խոսնակի հետ քննարկելու առաջացած բոլոր հարցերը:

Նա ԱԺ նախագահին է փոխանցել Էստոնիայի խորհրդարանի նախագահի պաշտոնական հրավերը, ինչին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը կրկնել է էստոնացի գործընկերոջը Հայաստանում տեսնելու ցանկությունը և սիրով ընդունել փոխադարձ հրավերը:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության առաջնահերթություններն ու խորհրդարանական դիվանագիտության շրջանակում համագործակցության շարունակականությունը:

Յուրի Ռատասը Շուշի է այցելել մայիսի 24-ին։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Էստոնիայի խորհրդարանի խոսնակին ներկայացվել են «քաղաքի պաատմությունը, Շուշիում իրականացվող վերականգնողական աշխատանքները»։