11 հուլիսի 2022 - 18:04 AMT
Սաղաթելյան․ Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու միջազգային պահանջ չկա

Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով Եվրոպայի խորհրադրանում իր հանդիպումներին, ասել է, որ Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու միջազգային պահանջ գոյություն չունի, թեև ՀՀ իշխանությունները հակառակն են պնդում։

«Այն բոլոր հանդիպումները, որ ես ունեցել եմ, պատահական մարդիկ չէին, Հայաստանի հարցով կարծիք ձևավորող, դիրքորոշում ու տեսակետ հայտնող պաշտոնյաներ էին, հստակ ու ընդգծված նշաձող իջեցնելու պահանջ գոյություն չունի», - ասել է նա, գրում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ Եվրոպական խորհրդարանում բոլոր հանդիպումների ժամանակ գլխավոր օրակարգը եղել է Արցախը, արցախյան բանակցությունների գործընթացը, ՀՀ անվտանգությունը։ Օրակարգում եղել է նաև ՀՀ ներքաղաքական իրավիճակը:

Սաղաթելյանը բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը:

«Միջազգային կառույցներում, մասնավորապես, ԵԽ-ում, Հայաստանի ու Արցախի շահերը պատշաճ կերպով ներկայացված չեն, ու այդ հանդիպումների ընթացքում ակնհայտ դարձավ, որ Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունն ու ՀՀ ԱԳՆ-ն պատշաճ կերպով չեն ներկայացնում ու պաշտպանում Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի շահը», - նշել է Իշխան Սաղաթելյանը:

Պատգամավորը նշել է, թե կա խաղաղության հասնելու պահանջ. ինքը` Սաղաթելյանը, ասել է` դեմ չեն խաղաղության օրակարգին, բայց խաղաղությունը չի կարող լիներ հայրենազրկման գնով:

«Ասել ենք` պարտադրված խաղաղությունը չի կարող տարածաշրջանում բերել կայունություն. այս հիմնավորումներն իրենց համար շատ հասկանալի էին», - նշել է նա:

Հայաստանում բողոքի նոր ալիք էր բարձրացել Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։ «Դիմադրություն» շարժումը, շարժմանը միացած քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթեր, հանրահավաքներ և անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։Ասուլիսներից մեկում Սաղաթելյանը հայտարարել, էր, որ «Դիմադրություն» շարժումը կասեցրել է Արցախի հարցում նշաձող իջեցնելու հայկական կողմի գործընթացը։