Փաստաբան. ՍԴ-ն Աղվան Հովսեփյանի դիմումի հիման վրա վարույթը կասեցրել է՝ Վճռաբեկի հետ ներքին պայմանավորվածությամբ

Փաստաբան. ՍԴ-ն Աղվան Հովսեփյանի դիմումի հիման վրա վարույթը կասեցրել է՝ Վճռաբեկի հետ ներքին պայմանավորվածությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի փաստաբան Աննա Մանթաշյանը մտահոգություն է հայտնել, որ Սահմանադրական դատարանը դիմումի հիման վրա վարույթը կասեցրել է՝ Վճռաբեկ դատարանի հետ ներքին պայմանավորվածությամբ։

Մասնավորապես, փաստաբանը չի բացառել, որ Վճռաբեկ դատարանը մեկ այլ գործով պետք է վարույթ ընդունի բողոքը, կկայացնի նախադեպային որոշում, ինչից հետո ՍԴ-ն կմերժի Հովսեփյանի դիմումը՝ հղում անելով Վճռաբեկի նախադեպային որոշմանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Նշվում է, որ դատարան ներկայացնելու համար մեղադրյալին ինքնաշխատ ձերբակալելու կարգի վերաբերյալ առաջիկայում նախադեպային որոշում կկայացվի։ Վճռաբեկ դատարանն աղմկահարույց մի քանի գործերով բողոքները վարույթ չընդունելուց հետո, ի վերջո, որոշել է մեկ այլ գործով ընդունել։ Խոսքը գնում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ քրեական գործով ազատության մեջ գտնվող մեղադրյալին ձերբակալելու, ապա՝ կալանավորելու որոշման դեմ բողոքի մասին։

Մեղադրյալ Հ. Հ.-ի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը, ում կողմից ներկայացված բողոքը Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել, հայտնել է, որ բողոքով բարձրացրել է այն հանգամանքը, որ մեղադրյալին ձերբակալելու, ապա՝ կալանավորելու ներկայիս կարգն ինքնաշխատ է կիրառվում, մինչդեռ, նորմը չպետք է գործի ինքնաշխատ, պետք է կիրառվեն որոշակի չափանիշներ։

«Բոլոր դեպքերում խնդիրը վերաբերում է անձի անձնական ազատության իրավունքին և այդտեղ առանց որևէ չափանիշի կիրառմամբ ազատազրկումն անթույլատրելի է»,- նշել է Կոչուբաևը՝ հավելելով, որ նույնանման իրավաբանական դիրքորոշումներով ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի, հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մանթաշյանի գործերով ներկայացված բողոքները վարույթ չեն ընդունվել, բայց ամենաբարձր մակարդակում թերեւս որոշում է կայացվել, որ այս հարցը պետք է լուծվի։

«Պետք է սպասենք տեսնենք, թե Վճռաբեկն ինչպես կարձագանքի։ Կարծում ենք՝ Վճռաբեկ դատարանը չափորոշիչներ կսահմանի բոլոր դեպքերում և կունենանք արդեն նախադեպային որոշում, որով կկարգավորվի, թե ազատության մեջ գտնվող մեղադրյալին որ դեպքերում կարելի է ձերբակալել և առհասարակ դրա իրավաչափության պայմանները»,- ընդգծել է Կոչուբաևը։

Ըստ մեղադրանքի՝ Աղվան Հովսեփյանը, 2004-ի մարտի 18-ից մինչև 2013-ի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-ի հուլիսի 18-ից մինչև 2018-ի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊԸ-ների կառավարմանը, բացի այդ՝ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 190,000,000 դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով՝ 800,000,000 դրամ գույքի հափշտակություն: Հովսեփյանն, ըստ մեղադրանքի, նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1 մլրդ 299 մլն 404 հզր 414 դրամ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---