16 հուլիսի 2022 - 13:51 AMT
Կաթողիկոսը Սերբիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է երկու երկրի հարաբերությունների ընդլայնումը

Ամենայն Հայոց կաթողիկոսը Գարեգին Երկրորդը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունելով Հայաստանում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին, նկատել է, որ դեսպանի մշտական ներկայությունը Հայաստանում էլ առավել պետք է արդյունավորի նրա աշխատանքը:

Վեհափառ Հայրապետը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների ու գործակցության ընդլայնումը։

Նորին Սրբությունն անդրադարձել է հայ-սերբական պատմական կապերին՝ ընդգծելով Հայաստանյայց Առաքելական և Սերբ Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունները: Կաթողիկոսը նաև իր գնահատանքն է բերել սերբ ժողովրդին արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած զորակցության համար։

Իր հերթին դեսպան Ցվետկովիչը, անդրադարձ կատարելով երկու ժողովուրդների պատմական անցյալին, ընդգծել է հայ և սերբ ժողովուրդների կյանքում առկա նույնական խնդիրները համատեղ, գործակցության ոգով հաղթահարելու անհրաժեշտության մասին:

Այս առիթով Վեհափառ Հայրապետը հաստատել է, որ քրիստոնեական միևնույն արժեքներ դավանող հայ և սերբ ժողովուրդները դարերի ընթացքում հույսով ու հավատքով են վերապրել բոլոր փորձությունները և լավատեսության ոգով հաղթահարել դրանք: Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքներն է բերեց նորանշանակ դեսպանին` մաղթելով վերջինիս արգասաբեր գործունեություն: