16 հուլիսի 2022 - 14:51 AMT
Վարդան Պետրոսյան. Դուք օրինական ժառանգորդներն եք նախկինների

Դերասան Վարդան Պետրոսյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով դատարանի դահլիճում Արմեն Գրիգորյանի մահվանը, գրել է` հույս ուներ, որ լուրջ փոփոխություններ կլինեն դատաիրավական համակարգում։

«Փաստորեն`ոչ։ Դուք օրինական ժառանգորդներն եք նախկինների և նրանց գործի շարունակողը։ Խորին ցավակցություններս` հարազատներին…», գրել է նա։

Նա նշել է, որ դա պատահականություն չէ, այլ պատկերն է մեր այսօրվա դառը իրականության։

«Սարսափելի բան… Բոլորի աչքի առաջ, դատարանի դահլիճում մահացավ Արմեն Գրիգորյանը… Իմ դատավարության ընթացքում ես ինչ ասես տեսա` ուշագնացություն դահլիճում, շտապ օգնություն, ուշագնաց փայտացում դատից հետո, ինչ ասես… Բայց սա անմարդկայնության բոլոր սահմաններն անց է…

Եվ սա պատահականություն չի, ոչ։ Սա պատկերն է մեր այսօրվա դառը իրականության… Սա հուսահատ ճիչն է այսօրվա անհուսության…

Բողոքի ճիչ` սրիկայության, ստորության, ապիկարության, անհոգության դեմ…»,-ասվում է գրառման մեջ։

Հուլիսի 15-ին պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է դատական նիստի ժամանակ։ Նրա ինքնազգացողությունը վատացել էր դատական նիստերի դահլիճում: Երբ պաշտպան Ռուբեն Մելիքյանը ներկայացնում էր միջնորդությունը՝ Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է, նա կորցրել է գիտակցությունը։ Նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Արմեն Գրիգորյանը կալանավորվել էր մայիսի 17-ինՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար, այն է` հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով` ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները։