16 հուլիսի 2022 - 16:25 AMT
Կաթողիկոսը Գերմանիայի պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել է գերիների վերադարձի հարցին

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանի։

Ողջունելով Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին՝ Վեհափառը խոսել է հայ ժողովրդի կյանքում Եկեղեցու ունեցած կարևորագույն դերակատարության մասին՝ հավելելով, որ Հայ Եկեղեցու առաքելությունն անջնջելիորեն միահյուսված է հայ ժողովրդի պատմությանը:

Վեհափառ Հայրապետն անդրադարձել է նաև արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքերին, գերիների վերադարձման հարցին և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգություններին՝ հույս հայտնելով, որ միջազգային հանրության աջակցությամբ տարածաշրջանում կվերահաստատվի արդարությունը և խաղաղությունը:

Այս առնչությամբ կաթողիկոսը նկատել է, որ քրիստոնեական հավատքի շնորհիվ հայորդիները դարերի ընթացքում դիմագրավել են իրենց առջև ծառացած փորձությունները՝ պահպանելով ազգային ինքնությունը: Նա իր երախտագիտությունն է հայտնել Գերմանիայի իշխանություններին Հայոց ցեղասպանության ճանաչման և Բունդեսթագի կողմից ընդունած դատապարտող բանաձևի, ինչպես նաև արցախյան 44-օրյա պատրեազմի ընթացքում ցուցաբերած զորակցության համար:

Անդրադառնալով Գերնամիայում հայկական համայնքի գործունեությանը՝ կաթողիկոսը գոհունակությամբ արձնագրել է, որ հայ համայնքը և Հայ Եկեղեցին մշտապես վայելում են Գերմանիայի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքը։ Իր հերթին նախագահ Գուննար Շելլենբերգերն ընդգծել է, որ իրենց նպատակն է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի և ՀՀ հարաբերությունների սերտացմամբ էլ առավել ամրապնդել երկու ժողովուրդների բարեկամական կապը։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը և Վաղարշապատ համայնքի ղեկավար տիկին Դիանա Գասպարյանը: