Պետությունը կաջակցի պատերազմի մասնակիցների մասնագիտական վերապատրաստմանը և աշխատանքի տեղավորելուն

Պետությունը կաջակցի պատերազմի մասնակիցների մասնագիտական վերապատրաստմանը և աշխատանքի տեղավորելուն

PanARMENIAN.Net - Պետությունը կաջակցի պատերազմի մասնակիցների մասնագիտական վերապատրաստմանը և աշխատանքի տեղավորելուն: Կառավարությունը հուլիսի 21-ի նիստում հաստատել է Ադրբեջանի կողմից 2016 և 2020 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման ծրագիրը:

Ծրագրի նպատակն է աջակցել պատերազմի մասնակից գործազուրկ անձանց՝ համալրելու գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերը:

Ներկայացնելով նախագիծը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասել է, որ ծրագիրն ունի 3 բաղադրիչ՝ մինչև 5 ամիս տևողությամբ շահառուի մասնագիտական ուսուցում, գործատուի մոտ 3 ամիս տևողությամբ փորձաշրջան, և եթե, գործատուի կարծիքով, մասնագիտական ուսուցման ու փորձաշրջանի կարիք չկա, միանգամից աշխատանքի ընդունում և միանվագ փոխհատուցում:

Առաջարկվում են փոխհատուցման հետևյալ չափերը. ուսուցման ամբողջ ժամանակահատվածի համար մինչև 5 ամիս տևողությամբ ուսման վարձի փոխհատուցում՝ ամսական կտրվածքով, առավելագույնը 50,000 դրամի չափով, կրթաթոշակ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով:

Մասնագիտական ուսուցման գործընթացն անցնելուց հետո կնքվում է աշխատանքային պայմանագիր՝ 1 տարի ժամկետով, և ամսական կտրվածքով գործատուին առաջարկվում է տրամադրել առավելագույնը 50,000 դրամ՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկային վճարումների համար: Փորձաշրջանի դեպքում առաջարկվում է գործատուին փոխհատուցում տրամադրել շահառուի աշխատավարձի վճարման համար նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ ամսական կտրվածքով, 3 ամիս տևողությամբ, և շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկային վճարումները փոխհատուցելու համար՝ 3 ամիս ժամկետով, յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 25,000 դրամի չափով և 9 ամիս ժամկետով՝ առավելագույնը 50,000 դրամի չափով:

Երրորդ բաղադրիչով առաջարկվում է գործատուին տրամադրել 300,000 դրամի չափով միանվագ փոխհատուցում, եթե վերջինս առնվազն 1 տարի ժամկետով կկնքի աշխատանքային պայմանագիր:

Նախարարը նշել է նաև, որ մեկ այլ նախագծով ներկայացվելու է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության պետական ծրագիրը, համաձայն որի՝ եթե պատերազմի մասնակիցն ունենա հաշմանդամություն, գործատուն կկարողանա օգտվել նաև իր աշխատանքային միջավայրի հարմարեցման համար նախատեսված 500,000 դրամի չափով աջակցությունից:

Խոսելով ծրագրի կարևորության մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուսումնառության դեպքում 50,000 դրամ ուսման վարձի փոխհատուցում են տալու, գումարած՝ հենց շահառուին նվազագույն աշխատավարձի կիսով չափ կրթաթոշակ, իսկ եթե գործատուի մոտ աշխատում է, այսինքն՝ ենթադրվում է, որ այդ պարագայում աշխատավարձ պիտի ստանա, արդեն գործատուին են փոխհատուցում՝ հարկային վճարումների մասով:

Նա հավելել է, որ նպատակն այն է, որ պատերազմի մասնակիցների ուսումնառությունը և աշխատանքի ներգրավվածությունն էականորեն ավելանա:

Նախարարը տեղեկացրել է, որ որոշ գործիքներ արդեն փորձարկված են: Մասնավորապես, մինչև 2021թ. դեկտեմբերը մասնավոր ընկերությունների, կրթական հաստատությունների հետ նման վերապատրաստումներ և զբաղվածության մրցունակությունը բարձրացնող ծրագրեր են իրականացվել պատերազմի ավելի քան 1000 մասնակից և հաշմանդամություն ունեցող զինվորների համար, որոնց մեծ մասն արդեն աշխատանք ունի: Պաշտպանության նախարարության հետ համատեղ ներդրվել է համակարգ, որով պարտադիր զինծառայությունից զորացրվելուց մեկ ամիս առաջ համատարած գնահատվում են զինծառայողների մասնագիտական կարիքները:

Քննարկվող ծրագրի առնչությամբ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը զեկուցել է, որ ծրագրով նախատեսվում է միջանկյալ գնահատման համակարգի ներդրում, և եկող տարվա փետրվարին կզեկուցվի արդյունքների մասին: ‌

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---