Կառուցապատողը պարտավորվել է շինաշխատանքների ավարտին ամբողջությամբ վերստեղծել Քարի ինստիտուտի ճակատի խճանկարը

Կառուցապատողը պարտավորվել է շինաշխատանքների ավարտին ամբողջությամբ վերստեղծել Քարի ինստիտուտի ճակատի խճանկարը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Երևանի Աճառյան փողոցում գտնվող Քարի և սիլիկատների գիտահետազոտական ինստիտուտի շենքի ճակատային մասի խճանկարների «վերացման» շուրջ հրապարակումներին, հայտնել է, որ շինաշխատանքների ավարտին շենքի ճակատի խճանկարը ամբողջությամբ վերստեղծվելու է։

«Վերջին մի քանի օրվա ընթացքում ֆեյսբուքյան տիրույթում քննարկվում է էս գեղեցիկ շենքի խճանկարների ճակատագիրը: Դե, ինչպե՞ս՝ քննարկվում է, առանց որևէ ճշտման, առանց խնդրին առհասարակ ծանոթանալու, ֆեյսբուքյան որոշ օգտատերեր գեներացնում են միտքը, թե Երևանում ամենաթողություն է, քանի որ քաղաքապետարանը թույլ է տվել ոչնչացնել շենքի երկու ճակատների խճանկարները:

Էս միտքը տարածողներին կփորձեմ հիասթափեցնել՝ նախագծման թույտվության (տրվ. 02.11.2021թ.) 9.7 կետի 11-րդ ենթակետի համաձայն, կառուցապատողը պարտավորվել է շինարարական աշխատանքների ավարտին ամբողջությամբ վերստեղծել շենքի ճակատներում առկա խճանկարները»,-ասվում է գրառման մեջ։

Նա նաև հրապարակել է շենքի վերջնական տեսքի էսքիզը։

2021-ի աշնանը հայտնի դարձավ, որ Երևանի Աճառյան փողոցում գտնվող քարի և սիլիկատների գիտահետազոտական ինստիտուտի շենքը կդառնա հասարակական նշանակության բազմաֆունկցիոնալ համալիր։ Ասվել էր, որ 12 հարկանի շենքը վերակառուցվելու է, ավելացվելու է ևս 1 հարկ, ինչպես նաև հյուսիս-արևելքում գտնվող արտադրական շինության մի հատված։ 13 հարկանի շենքը ներառելու է գրասենյակային տարածքներ, խաղասրահ, հանդիպումների սրահներ, նիստերի դահլիճ, սրճարան, մանկապարտեզ, ադմինիստրատիվ տարածքներ, տեխնիկական հատվածներ, պահեստներ։

Քարի և սիլիկատների ինստիտուտը հիմնադրվել է 1961-ին և իր պրոֆիլով միակն է եղել ԽՍՀՄ–ում:

 Ուշագրավ
Նա հայտնել է իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ ստեղծելու մասին
Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
---