9 ապրիլի 2009 - 21:29 AMT
Բախի «Ս. Զատիկ օրատորիայով» Հայաստանում կմեկնարկի «Հռենոսից մինչեւ Դանուբ» խորագրով համերգաշարը
Հայաստանում Գերմանական մշակույթի շաբաթների շրջանակում 2009թ. ապրիլի 10-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը դիրիժոր Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ ներկայացվելու է Յ. Ս. Բախի «Ս. Զատիկ օրատորիան»։ Ելույթ է ունենալու Մենակատարների Պետական Անսամբլը, ինչպես նաեւ Հայաստանի Պետական Կամերային Երգչախումբը (գեղ. ղեկ. եւ գլխ. դիրիժոր Ռոբերտ Մլքեյան)։ Մարիամ Հակոբի, Մարիամ Մագթաղենացու, Պետրոսի եւ Հովհաննեսի դերերում հանդես կգան մենակատարներ Հենրիետա Հարությունյանը, Աննա Մայիլյանը, Կարո Խաչատրյանը եւ Խաչիկ Մաթեւոսյանը, երգեհոնահար՝ Աննա Բակունց։ Այս համերգով կսկսվի նաեւ «Հռենոսից մինչեւ Դանուբ» խորագրով գերմանական եւ ավստրիական երաժշտության համերգաշարը, որը կազմակերպել է Զավեն Վարդանյանը։ Համերգաշարի այս առաջին համերգը տեղի կունենա Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության կողմից ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանում 2009թ. անցկացվող Գերմանիայի շաբաթների շրջանակում։