ԳԹԿ փոխտնօրեն․ Բուհերում 15,000 տեղ թափուր է, ոչ պետական բուհեր կան, որ անգամ դիմորդ չունեն

ԳԹԿ փոխտնօրեն․ Բուհերում 15,000 տեղ թափուր է, ոչ պետական բուհեր կան, որ անգամ դիմորդ չունեն

PanARMENIAN.Net - Բուհերում թափուր տեղերը 15,000-ից ավելի են, ոչ պետական բուհեր կան, որ անգամ դիմորդներ չունեն։ Այդ մասին հայտնել է ԿԳՄՍՆ գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ ամփոփելով միասնական քննությունների հիմնական փուլի արդյունքները, ինչպես նաև ներկայացնելով ընդունելության քննությունների երկրորդ փուլը, որի արդյունքները կհայտարարվեն հուլիսի 30-ին:

Հուլիսի 18-ին հայտնի են դարձել 2022-23 ուսումնական տարվա բուհական ընդունելության մրցույթի հիմնական փուլի արդյունքները։

Ըստ Նասիբյանի, 2022թ դիմորդների թիվը 13,887 էր` և միասնական քննություններ հանձնողները, և ներբուհականը: 2021թ դիմորդների թիվը եղել է 13,128, միասնական քննություն հանձնողներինը` 11,741, գրում է «Առավոտը»։

11,587 հոգի մասնակցել է միասնական քննությունների և միասնական քննություններով ընդունվածների թիվն առաջին փուլում 7246 է կազմել, այսինքն` մոտ 4000 հոգի չի ընդունվել:

«Միասնական քննություններից կտրվածների թիվն այս տարի կազմել է 3076, երկրորդ փուլին կարող է մասնակցել 791 դիմորդ, եթե երկու առարկայից ստացել է դրական միավոր, նախորդ տարի 1461 հոգի էր մասնակցել լրացուցիչ փուլին»,-ասել է ԳԹԿ փոխտնօրենը:

Նասիբյանը նշել է, որ քանի որ թափուր տեղերը 15,000-ից ավելի են, հիմնական փուլի մրցույթից դուրս մնացածները կարող են դիմել ցանկացած բուհ, որովհետև ըստ ԳԹԿ փոխտնօրենի, Հայաստանում չկա որևէ բուհ, որ թափուր տեղ չունենա: Նրա խոսքով, թափուր տեղերի առյուծի բաժինը ոչ պետական բուհերինն է։

«Իսկ որոշ պետական բուհերում, ընդունելությունը, մեղմ ասած, բարվոք չէ: Օրինակ` հիմնական փուլի մրցույթի արդյունքներով` Հայաստանի ագրարային համալսարան է ընդունվել ընդամենը 38 հոգի»,-ասել է նա:

Նասիբյանն ընդգծել է, որ ոչ մխիթարական է պատկերը նաև մարզային բուհերում, Մանկավարժական համալսարանը ևս սակավաթիվ դիմորդներ ունի:

«Տարիներ շարունակ ԳԹԿ-ն պարզապես արձանագրում է վիճակը: Մենք արձանագրել ենք, որ Հայաստանի ագրարային համալսարանի ընդունելությունը ոչ բարվոք վիճակում է, նույնը ասել ենք նաև մանկավարժական համալսարանի վերաբերյալ: Դիմորդների թիվը տարեցտարի պակասում է, մանկավարժականում նույնիսկ մասնագիտություններ են լինում, որոնք ունեն ընդամենը մեկ ընդունված, օրինակ` ֆիզիկա մասնագիտությամբ մեկ հոգի է ընդունվել Մանկավարժական… Սա արդեն կրթության քաղաքականությունը որոշող ղեկավարության խնդիրն է` նստել և շատ լուրջ մտածել Ագրարային համալսարանի, Մանկավարժական համալսարանի ընդունելության մասին»,-ասել է Նասիբյանը:

Նա նաև հավելել է, որ անգամ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում երկու թափուր տեղ կա, մինչդեռ նախկինում այն ամենապահանջված մասնագիտությունների եռյակում էր` իրավագիտությունից հետո:

Նա նշել է նաև, որ այս տարի միջազգային հարաբերություններում կար 124 տեղ, դիմել էր 130 հոգի, բնականաբար ոմանք «կտրվել» են, և թափուր երկու տեղ է մնացել: Իրավագիտության ֆակուլտետ 286 հոգի է դիմել, ընդունվել է 147-ը, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ էլ, օրինակ, դիմել է 306 հոգի, ընդունվել է 228-ը:

«Չէի ասի, թե բարձր մրցույթ էր`համեմատած նախկին տարիների հետ»,-ասել է ԳԹԿ փոխտնօրենը: ‌

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---