25 հուլիսի 2022 - 17:57 AMT
Փաստաբան․ Դատարանում Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել է՝ նիստն ընդմիջվել է

Դատական նիստերի դահլիճում Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել է և դատական նիստը ընդմիջվել է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Խնդիրը կապված էր գլխուղեղի արյան շրջնառության հետ, որը պարոն Վերմիշյանը ձեռք է բերել հենց կալանքի կրման ժամանակ: Նիստի վերսկսումից հետո պարոն Վերմիշյանը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել Արմեն Գրիգորյանի հիշատակը, որը դատավորի կողմից ընկալվեց որպես անհարգալից վերաբերմունք և Վ. Վերմիշյանը հեռացվեց դահլիճից 10 ժամով:

Հ.գ. Վահագն Վերմիշյանը նստած էր Արմեն Գրիգորյանի աթոռի վրա, դատավորը կրկին Մնացականն էր Մարտիրոսյան: Առողջություն Վահագն Վերմիշյանին....»,-ասվում է գրառման մեջ։

Վահագն Վերմիշյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվել է 2019-ի մարտի 21-ին, ձերբակալվել է 2020-ի փետրվարի 5-ին, իսկ փետրվարի 10-ին՝ կալանավորվել։Նա մեղադրվում է խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Նրանք մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով խարդախություն կատարելու համար: