25 հուլիսի 2022 - 19:09 AMT
«Ներուժ 3.0» ծրագրի հայտերի ընդունումը սկսված է․ Մրցանակային ֆոնդը 45 մլն դրամ է

Մեկնարկել է սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների «Ներուժ 3.0» ծրագրի հայտերի ընդունումը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը մի շարք մանրամասներ է ներկայացրել ծրագրի վերաբերյալ:

Ծրագրին կարող են մասնակցել այն ստարտափները, որոնց հիմնադիրների կամ համահիմնադիրների առնվազն կեսը սփյուռքահայեր են: Նախքան ծրագրին դիմելը ստարտափը պետք է ունենա կազմավորված թիմ, տեղեկացնում է Հանրային ռադիոն։

Դրամաշնորհ ստանալու կարևոր նախապայմաններից է Հայաստանում ստարտափ գրանցելը, գործունեություն ծավալելը և առնվազն մեկ տարի ՀՀ-ում բնակվելը,

Լավագույն նախագծերը կարժանանան դրամաշնորհի, ինչը հնարավորություն կտա մասնակիցներին զարգացնել իրենց գաղափարն՝ այն վերածելով կայուն զարգացող բիզնեսի: Ծրագրի մրցանակային ֆոնդը 45 մլն դրամ է:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն անդրադարձել է ծրագրի հիմնական առաքելությանը, այն է՝ Հայաստան բերել սփյուռքի տաղանդավոր մեր հայրենակիցներին, նրանց ներուժով, նոր գաղափարներով ու ակտիվ գործունեությամբ նպաստել հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանն իր խոսքում կարևորել է «Ներուժ» ծրագրի իրականացումը և նշել, որ ծրագիրը նախորդ տարիներին արդեն ապացուցել է իր արդյունավետությունն ու անհրաժեշտությունը, ինչի վկայությունն այն է, որ ծրագիրն անցկացվում է արդեն 3-րդ անգամ,

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է աշխարհի տարբեր անկյուններից Հայաստանում հյուրընկալել մոտ 30 ստարտափի 60 ներկայացուցչի: Ծրագրի նպատակն է խթանել մասնագիտական հայրենադարձությունը, ինչը կնպաստի Հայաստանի տնտեսական առաջընթացին ու ստարտափ էկոհամակարգի զարգացմանը:

Ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի բիզնես միջավայրի առավելություններին, ստանալու բացառիկ անհատական մենթորություն, ներկայացնելու ու զարգացնելու իրենց բիզնես գաղափարը:

Ծրագրին մասնակցելու հայտադիմումները ընդունվում են հուլիսի 25-ից օգոստոսի 22-ը:

«Ներուժ 3.0»-ը տեղի կունենա սեպտեմբերի 26-30-ը Դիլիջանում։ ‌