ԱՆ. Վահագն Վերմիշյանը հրաժարվել է բուժօգնությունից

ԱՆ. Վահագն Վերմիշյանը հրաժարվել է բուժօգնությունից

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարությունը, անդրադառնալով Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, կալանավորված Վահագն Վերմիշյանի առողջական վիճակին, հայտարարել է, որ վերջինս հրաժարվել է բուժօգնությունից, կազմվել է համապատասխան արձանագրություն:

Նշվում է, որ հուլիսի 25-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վերմիշյանի փաստաբանը սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ քրեակատարողական հիմնարկի բժիշկները հրաժարվել են շտապ օգնություն կանչելուց և Վերմիշյանին բժշկական կենտրոն տեղափոխելուց: Վերմիշյանի համար շտապ օգնություն կանչելու և բժշկական կենտրոն տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել:

Նշվում է նաև, որ նրա փաստաբանը նույն օրը` ժամը 19:00-ի սահմաններում, այցելել է քրեակատարողական հիմնարկ և պահանջել շտապ օգնություն կանչել, ինչին ի պատասխան հիմնարկի աշխատակիցները հայտնել են, որ բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնող ստորաբաժանումը կարող է ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն, որից հետո միայն, անհրաժեշտության դեպքում կհրավիրի շտապ օգնության բրիգադ:

«Վերմիրշյանը մինչ փաստաբանի այցը առողջական վիճակի վերաբերյալ որևէ գանգատ չի ներկայացրել, միայն փաստաբանի ժամանելուց հետո` ժամը 19:30-ի սահմաններում, վերջինս գլխապտույտ, սրտխառնոց գանգատով դիմել է ստորաբաժանման հերթապահ բուժքրոջը: Բուժանձնակազմի կողմից իրականացվել է Վ.Վերմիշյանի զննություն: Օբյեկտիվ զննության արդյունքում արձանագրվել է զարկերակային ճնշում -130/80, պուլս-80զարկ/րոպե, ինքնազգացողությունը եղել է բավարար: Բուժքրոջ կողմից առաջարկվել է դեղորայքային միջամտություն՝ կապված ներկայացրած գանգատների հետ, որից ազատազրկված անձը հրաժարվել է՝ պահանջելով կանչել շտապ օգնության բրիգադ, որի կարիքը չի եղել:

Նույն օրը՝ ժամը 20:35-ի սահմաններում, Վ.Վերմիշյանը կրկին գանգատով դիմել է բուժանձնակազմին, սակայն կրկին հրաժարվել է առաջարկված բժշկական օգնությունից՝ կրկին պահանջելով կանչել շտապ օգնության բրիգադ: Վ.Վերմիշյանը հրաժարվել է բուժքրոջ օբյեկտիվ զննությունից /Զ/Ճ չափում/, հրաժարվել է դուրս գալ խցից՝ բուժօգնություն ստանալու համար: Վերոգրյալի մասին կազմվել է համապատասխան արձանագրություն:

Ժամը 21:30-ի սահմաններում Վ. Վերմիշյանն ընդունել է փաստաբանին, որն ավարտվել է ժամը 22:05-ի սահմաններում:

Ժամը 23:30-ի սահմաններում հերթապահ բուժքրոջ կողմից իրականացվել է գիշերային ստուգայց, որի ընթացքում Վ.Վերմիշյանը գանգատներ չի նշել, ասել է, որ իրեն լավ է զգում, ոչ մի բանի կարիք չունի»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հուլիսի 25-ին դատական նիստերի դահլիճում Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել է և դատական նիստը ընդմիջվել է:

Վահագն Վերմիշյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվել է 2019-ի մարտի 21-ին, ձերբակալվել է 2020-ի փետրվարի 5-ին, իսկ փետրվարի 10-ին՝ կալանավորվել։Նա մեղադրվում է խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Նրանք մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով խարդախություն կատարելու համար:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---