26 հուլիսի 2022 - 13:56 AMT
Աղաջանյան․ ՀՀ-ն հրաժարվում է Զանգեզուրի միջանցքի հարցի քննարկումից և ի սկզբանե հրաժարվել է

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը հրաժարվում է Զանգեզուրի միջանցքի հարց քննարկել ու հրաժարվել է ի սկզբանե, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Հայաստանի կողմից բազմիցս նշվել է, որ Զանգեզուրի միջանցքի տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ մեզ համար: Կարևոր եմ համարում նշել, որ (վարչապետ) Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահի ու Եվրոպայի խորհրդի նախագահի վերջին հանդիպման արդյունքում, երբ Ադրբեջանի նախագահը համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել, այդ թվում նաև՝ Զանգեզուրի միջանցքը հիշատակելով, ԵԽ նախագահի գրասենյակը հերքող հայտարարությամբ է հանդես եկել, որ նման բան չի քննարկվել», - ասել է Աղաջանյանը:

Պատգամավորն ընդգծել է՝ Ադրբեջանի այս գործելակերպը չի օգնում կամ խրախուսում կառուցողական քննարկումներին:

«Ցավոք, մեր հարևաններն առանձնանում են ոչ պատշաճ կամ պայմանավորվածությունները չպահող գործելակերպով», - ասել է Աղաջանյանը:

Աղաջանյանը հայտարարել է նաև, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր է հանդիպեն: ‌