9 ապրիլի 2009 - 22:22 AMT
Թուրք ընդդիմադիր պատգամավորները դեմ են հայ-թուրքական սահմանի բացմանը
Հայաստանի հետ սահմանի բացման հարցը վեճեր է հարուցել Թուրքիայի մեծ ազգային ժողովի արտաքին գործերի հանձնաժողովի երեկ կայացած նիստում:

Հանրապետական ժողովրդական կուսակցության (DNP) հանձնաժողովի անդամներ Ջանան Արիթմանը, Իլհան Քեսիջին, Օնուր Օյմենը եւ Շուքյուր Ակլեքդաղը պահանջել են քննարկում ացկացնել եւ որոշում կայացնել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի բացման հարցի շուրջ: Պահանջը պաշտպանել են նաեւ Ազգային գործողության կուսակցության (MNP) անդամները: DNP-ի պատգամավորները հայտարարել են, որ Հայաստանի հետ սահմանը բացելով, Արդարության եւ զարգացման կուսակցության ձեւավորած կառավարությունը դրանով մեծ սխալ կգործի, կկորցնի միակ հաղթաթուղթը, եւ զգալի հարված կհասցի երկրի ազգային շահերին, միջազգային ասպարեզում նրա ուժին եւ էներգետիկ քաղաքականությանը:
DNP-ի պատգամավորները հանձնաժողովին իրենց դիրքորոշումն են ներկայացրել որոշման նախագծի տեսքով եւ առաջարկել են քվեարկություն անցկացնել: Սակայն հանձնաժողովի կառավարող կուսակցությունը ներկայացնող նախագահ Մուրադ Մերջանն այդ առաջարկությունը չի դրել քվեարկության` պատճառ բերելով համապատասխան լիազորությունների բացակայությունը: Երբ պատգամավորներն այդ առնչությամբ բողոք բարձրացրեցին, նա որպես փաստարկ ներկայացրել է նիստում քվորումի բացակայությունը: Ընդդիմադիրները բողոք են հայտնել նաեւ այդ առնչությամբ, որից հետո Մերջանը լքել է դահլիճը եւ նիստն ընդհատվել է:

DNP-ի պատգամավոր Ջանան Արիթմանի խոսքերով, չի կարելի «նեղացնել» Ադրբեջանին հանուն Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնման: «АКР-ը շտապ ցանկանում է բացել Հայաստանի հետ սահմանը: Սակայն դա անել այն ժամանակ, երբ չեն վերացվել Հայաստանի հետ հարաբերություններին խոչընդոտող գործոնները, բացակայում են Երեւանի կողմից փոխզիջումները, սխալ կլիներ», - հայտարարել է նա:

Նախատեսվում է, որ հաջորդ շաբաթ արտգործնախարար Ալի Բաբաջանը ելույթ կունենա խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում` Հայաստանի հետ հարաբերությունների թեմայով, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: