Փոխվարչապետ․ ՀՀ-ում ՃՏՊ-ներից տարեկան 300-ից ավելի մարդ է մահանում՝ քայլեր են պետք

Փոխվարչապետ․ ՀՀ-ում ՃՏՊ-ներից տարեկան 300-ից ավելի մարդ է մահանում՝ քայլեր են պետք

PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Ճանապարհային անվտանգության մակարդակի բարելավման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստում հայտարարելկ է, որ Հայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ։

Նա նշել է, որ Հայաստանում ՃՏՊ-ներից տարեկան 300-ից ավելի մարդ է մահանում:

«Հայաստանը պետք է անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկի ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ, որը ենթադրում է միջոցառումների իրականացում ուղղված և՛ ճանապարհային անվտանգության օրենսդրության վերանայմանը, և՛ ճանապարհային ենթակառուցվածքների բարելավմանը, և՛ տրանսպորտային միջոցների անվտանգությանը, ինչպես նաև կրթական ծրագրերի ու հանրային իրազեկման արշավների իրականացման անհրաժեշտությանը»,- ընդգծել է Համբարձում Մաթևոսյանը։

Քննարկվել են Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության նախագծին և ճանապարհային երթևեկության անվտանգության ընթացիկ վիճակին և առկա խնդիրներին առնչվող հարցեր։

Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու նպատակը շահագրգիռ պետական գերատեսչությունների և կազմակերպությունների ուշադրությունը ճանապարհային անվտանգության ոլորտում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և բացերին հրավիրելն է՝ ստեղծելով ճանապարհային անվտանգության հարցերի վերաբերյալ համագործակցության, տեղեկատվության փոխանակման և հաշվետվողականության հարթակ:

Նիստին մասնակցել են նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, մարզպետները, «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Եգոր Կարապետյանը, շահագրգիռ պետական և հասարակական այլ կառույցների ներկայացուցիչները։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---