Ինչ է Dzen փառատոնը, ինչու է անհրաժեշտ այն բաց չթողնել և ինչու պարզ չէ՝ երբ կկայանա հաջորդը

Ինչ է Dzen փառատոնը, ինչու է անհրաժեշտ այն բաց չթողնել և ինչու պարզ չէ՝ երբ կկայանա հաջորդը

PanARMENIAN.Net - Dzen փառատոնը Rambalkoshe ժամանակակից արվեստի թանգարանի ամենամասշտաբային միջոցառումն է: Առաջին անգամ այն անցկացվել է 2018-ին, երբ հրավիրյալ արտիստներ Viken Arman-ն ու Goldcap-ը նվագեցին միասին՝ նշանավորելով մասշտաբային միջոցառման բացումն ու սկիզբը: Դրա ընթացքում միաժամանակ ցուցադրվում էին նկարիչ Դավիթ Յուխանյանի աշխատանքները, ինչով էլ դրվեց փառատոնի հիմնական գաղափարի հիմքը՝ տալու մասնակիցներին վիզուալի ու ձայնի միջև միաժամանակ գտնվելու հնարավորություն:

Երկու տարվա ընթացքում Dzen-ն աճեց, ու վերջին փառատոնը կայացավ 2020-ի փետրվարի 29-ին՝ Մարզահամերգային համալիրում. դրա գլխավոր մեսիջն էր՝ «արի ձմռանն ու պարի մինչև գարուն»:

Վերջին երկու տարվա ընդմիջումը Rambalkoshe-ին հնարավորություն տվեց փոքր միջոցառումների միջոցով ավելի զարգանալու՝ դրանց կազմակերպման ընթացքում ավելի շատ դետալների ուշադրություն դարձնելով, իսկ երբ հնարավորություն չկար բազմամարդ միջոցառումներ անելու, այդ ամենը կազմակերպվում էր live-երի միջոցներով:

Առաջին անգամ է, որ մի Dzen-ի շրջանակում հավաքված են այսքան տարբեր տարրեր, այդ պատճառով էլ պաստառին կարելի է տեսնել ամբողջ երեկոյի ընթացքը՝ ըստ ժամերի: Խորհուրդ մասնակիցներին՝ չուշանալ, քանի որ անգամ մեկ կամ երկու ժամ ուշ հասնելով կարելի է երեկոյի զգալի մասը բաց թողնել:

Այսպես, հուլիսի 30-ին որոշները կգան երաժշտություն լսելու, որոշները՝ շփվելու և նոր ծանոթություններ ձեռք բերելու, ոմանք՝ ցուցահանդես նայելու, ոմանք էլ, կամ բոլորը միասին՝ պարելու։

Երեկոն կբացի Մոսկվայի ճանաչված DIG Vinyl Store-ի համահիմնադիրներից Դենիս Ռիաբովն իր Vinyl Set-ով՝ նա խոստացել է գտնել լավագույն երաժշտությունը: Ապա ներկաներին սպասվում է FIX կամ Freedom is Expensive live-ը, որն իրենից ներկայացնում է կիթառից ու հարվածայիններից կազմված էքսպերիմենտալ էլեկտրոնային դուո: Դրան կհաջորդի դերասան Սամվել Թադևոսյանի կատարմամբ կենդանի թատրոնը՝ երաժշտական ու վիդեոուղեկցումը՝ HOV-ի ու լուսանկարիչ Վահան Ստեփանյանի, ով կմիքսի Թադևոսյանի դեմքի շարժումների վիդեոներն ու երաժշտությունը:

Dzen-ը նաև հյուրընկալելու է daao-ին, և սա երիտասարդ տաղանդավոր երաժշտի վերջին ելույթն է Հայաստանում, առնվազն՝ մոտ ժամանակներս, քանի որ նա մեկնում է նոր երկրներ բացահայտելու, և վեցերորդ փառատոնի համար հատուկ սեթ է պատրաստել:

Հաջորդիվ սպասվում է Shhau, Donatelle և daoo էքսպերիմենտալ live-ը, որին կհաջորդի երկար սպասված Dusty Kid-ի առաջին ելույթը Հայաստանում: Իսկ կփակի երաժշտական երեկոն Սոֆիա Ռոդնինան, ով վերջերս է ՌԴ-ից տեղափոխվել Երևան ու կարճ ժամանակում հասցրել է ինտեգրվել Rambalkoshe-ի ընտանիքում:

Երաժշտական հատվածին զուգահեռ երեք ցուցահանդես է սպասվում. նախ, Արամ Կիրակոսյանի No filter-ը, որտեղ հավաքված են նրա հայտնի դիմանկարները՝ արված առանց համակարգչային միջամտության: Բայց մինչև այդ, փառատոնի տարածք մտնելիս, կտեսնեք սենյակ, որտեղ ցուցադրվելու են Կարո Այվազովսկու motion graphics ոճով արված 7 աշխատանքը՝ ստեղծված 2021-22-ի ընթացքում։ Հեղինակը դրանք անձնական մտքեր է անվանում՝ արտահայտված ստեղծման պրոցեսում էմոցիոնալ ճաշակով։ Եվ վերջում ներկաներին սպասվում է Վլադիմիր Արությունովի լայվ-ակտը, որը յուրաքանչյուրին հնարավորություն կտա իրեն տեսնելու յուրօրինակ տեսքով ու ոճով:

Ցուցահանդեսներից բացի, Արամը նաև էքսպերիմենտալ ֆոտոստուդիա կաշխատացնի, որտեղ ցանկացողներին կլուսանկարի իր արդեն հայտնի ոճով:

Ինչպես հասկացաք՝ Dzen-ը հետաքրքիր ճանապարհ ու փորձառություն է, և քանի որ կազմակերպիչները չունեն պետական որևէ ֆինանսավորում ու քաջ գիտակցում են՝ փառատոնը նպատակ չունի դառնալու էլ ավելի մեծ ու մասշտաբային, պարզ չէ նաև, թե երբ կլինի հաջորդ Dzen-ը. փառատոնը ստեղծվում է քաղաքային կյանքի իրականության պահանջով, այնպես որ մենք PAN-ի թիմով ևս միանում ենք Rambalkoshe-ի խորհրդին՝ բաց չթողնելու այս մեկը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---