Պաշտպան. Չալաբյանն ազատ կարձակվի ժամը 21:00-ին` կալանքի ժամկետն ավարտվում է

Պաշտպան. Չալաբյանն ազատ կարձակվի ժամը 21:00-ին` կալանքի ժամկետն ավարտվում է

PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ին` ժամը 21։00-ին, «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանն ազատ կարձակվի ՔԿՀ-ից՝ նրա կալանքի ժամկետն ավարտվում է, իսկ նոր դատական ակտ երկարացման մասին չկա։ Այդ մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում լրագրողներին ասել է Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը։

Նշվել է, որ նոր դատական ակտ, որով կերկարացվեր կամ խափանման միջոց կիրառվեր, պարզապես չկա ու չի կարող լինել, քանի որ հուլիսի 27-ի դատական նիստն էլ հետաձգվել է Չալաբյանի վատառողջ լինելու պատճառով, գրում է Panorama.am-ը։

Հուլիսի 27-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ պետք է կայանար հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը։ Սակայն Չալաբյանը վատառողջ լինելու պատճառով չէր ներկայացել դատարան, իսկ մեղադրյալի բացակայության պարագայում դատական նիստը ենթակա է հետաձգման։

«Նոր եմ վերադարձել կալանավայրից, տեսակցել եմ Ավետիք Չալաբյանին, խոսել եմ բուժմասի աշխատողների հետ, ովքեր տեղեկացրել են, որ Չալաբյանի մոտ կա զարկերակային ճնշման խնդիր, ունի տաքություն»,-ասել է Հարությունյանը։

Նրա փոխանցմամբ, բուժմասի աշխատողներն ասել են, որ Չալաբյանը պնդել է անպայման մասնակցի այսօրվա դատական նիստին, սակայն երկարատև բանակցություններից հետո բժիշկները կտրուկ արգելել են, թույլ չեն տվել նրան մասնակցել նիստին և համապատասխան տեղեկանք են ուղարկել դատարան։

«Ես տեսակցեցի Ավետիք Չալաբյանին։ Նա ոտքի վրա է, ունի ճնշում, տաքություն։ Քանի օր է ճնշում ունի, բայց դրա մասին չէր բարձրաձայնել, որպեսզի մասնակցեր դատական նիստին»,- ասել է Հարությունյանը։

Հուլիսի 26-ին Ավետիք Չալաբյանն իր դեմ հարուցված քրգործով առաջին նախնական դատական նիստում, դիմելով դատավորին, ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետապնդում է իրեն և իր ընտանիքին, և որ բոլոր փաստերը հրապարակվելու են։

Չալաբյանը ձերբակալվել է մայիսի 12-ին։ Ըստ Քննչական կոմիտեի՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2,000,000 դրամ գումար: Չալաբյանին ազատ արձակելու կոչով էր հանդես եկել 80-ից ավելի հասարական գործիչ և գործարար։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---