28 հուլիսի 2022 - 14:13 AMT
Նախարարը հետևել է Հրազդանում կառուցվող առաջին սանիտարական աղբավայրի շինարարությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ծանոթացել է Հրազդանում կառուցվող առաջին սանիտարական աղբավայրի շինարարության ընթացքին։ Նա հանձնարարել է խստագույնս հետևել սահմանված ժամկետին և աղբավայրի շինարարությունն ավարտել նախանշված ժամկետում՝ այս տարեվերջին։

ՀՀ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված, ԱԺ-ի կողմից վավերացված միջազգային համաձայնագրով իրականացման փուլում է գտնվում «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը», որի շրջանակում նախատեսվում է կառուցել ԵՄ չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր և երկու մարզում ներդնել աղբահանության ինտեգրված արդյունավետ համակարգ:

Ծրագրի ընդհանուր բյուջեն 11 մլն եվրո է, որից 5․5 մլն եվրոն հանդիսանում է վարկային միջոց, 5․5 մլն եվրոն` դրամաշնորհ:

Նախարարը սկզբում հետևել է Ակունք համայնքում կառուցվող փոխաբեռնման կայանի շինարարական աշխատանքներին, որտեղ նախատեսվում է Աբովյանի տարածաշրջանի բնակավայրերից հավաքված աղբը կուտակել, խտացնել, ապա մեծ կոնտեյներներով տեղափոխել նոր կառուցվող սանիտարական աղբավայր։

Այս աշխատանքներին զուգահեռ երկու մարզերի ինտեգրված աղբահանության համակարգի ներդրման նպատակով միջազգային մրցույթով ընտրված շվեդական «ՍՎԵԿՈ» ընկերության խորհրդատուների հետ մշակվում և ավարտական փուլում են ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր բնակավայրերի համար աղբահանության սխեմաները։

Մշակվել են աղբավայրի և փոխաբեռնման կայանների շահագործման համար անհրաժեշտ տեխնիկայի ու սարքավորումների տեխնիկական բնութագրերը և ընթացքում են վերջիններիս գնման համար մրցութային փաթեթների պատրաստման աշխատանքները։ Մշակվել են նաև երկու մարզերի բոլոր բնակավայրերում աղբահանության ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ աղբատար մեքենաների ու աղբամանների տեխնիկական բնութագրերն ու քանակը։ Նախատեսվում է իրականացնել գնումների գործընթացը։ ‌