30 հուլիսի 2022 - 12:42 AMT
Կարմիր բլրի պատերից մեկը և ամրոցի մուտքը կվերականգնվեն. Ուրարտական շրջանին բնորոշ աղյուսների արտադրություն կհիմնվի

Երևանյան հնավայրերի վերականգնման գործընթացի շրջանակում կհիմնվի ուրարտական ժամանակաշրջանին բնորոշ աղյուսների արտադրություն, այնուհետ նախատեսվում է վերականգնել Կարմիր բլուր հնավայրի աղյուսաշեն պատերից մեկը, ինչպես նաև ամրոցի մուտքը։

Երևանում մեկնարկել է Էրեբունի հնավայրի պահպանման, արժևորման, զբոսաշրջության խթանման ու զբոսաշրջային ծառայությունների ընդլայնման ծրագրի առաջին փուլը: Ֆրանսիայից ժամանած գիտաշխատողները հայ մասնագետների հետ փորձում են պարզել, թե ինչպես են կառուցել ուրարտացիները երևանյան հնավայրերն ավելի քան 2800 տարի առաջ։

Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի, Ֆրանկոֆոն քաղաքապետների ասոցիացիայի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Գրենոբլի հողի ճարտարապետության ուսումնասիրության կենտրոնի միջև կնքված պայմանագրով:

Առաջին փորձարկումներին ծանոթացել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

«Սա ամիսների աշխատանք է, և այս համագործակցությամբ մեր առաջին նպատակն է՝ սովորել աղյուսի արտադրության տեխնոլոգիան, այնուհետ վերականգնել Կարմիր բլուր հնավայրի աղյուսաշեն պատերից մեկը, ինչպես նաև ամրոցի մուտքը: Արդյունքը երբ պարզ լինի, արդեն հոկտեմբերին աղյուսի արտադրության գործընթաց կսկսվի և, կարծում եմ, արդեն գարնանը հնարավորություն կունենանք սկսել վերականգնման աշխատանքները»,- նշել է քաղաքապետը:

Հայ և ֆրանսիացի մասնագետներն այս օրերին այցելել են Նուբարաշենի, Էրեբունի հնավայրին կից կավի հանքեր, ինչպես նաև Կարմիր բլուր և Էրեբունի հնավայրեր, որտեղից և վերցրել են նմուշարկման հողանմուշներ: Այս պահին փորձարկումներ են արվում՝ հասկանալու, թե որ կավի հանքն է առավել արդյունավետ լինելու աղյուսների պատրաստման համար:

«Հայաստանում կան աղյուսաշեն բազմաթիվ կառույցներ: Այս ծրագիրը հենց ներառում է Կարմիր բլուր, Շենգավիթ և Էրեբունի հնավայրերը, որտեղ մենք ունենք աղյուսաշեն պատեր ու կառույցներ, որոնք պետք է պահպանել: Մեր հնավայրերի համար սա կենսական նշանակություն ունի. պեղելը շատ լավ է, բայց պահպանելն անչափ կարևոր է»,- ընդգծել է «Էրեբունի» ՊՀԱԹ-ի տնօրեն Միքայել Բադալյանը:

Գիտնականները նկատում են, որ Երևանը բնապահպանապես մաքուր շինանյութի արտադրության հիմքն է դնում:

«Սա կարևոր գործընթաց է ոչ միայն Կարմիր բլուրի և Էրեբունիի համար, այլև ամբողջ Հայաստանի, որովհետև հում աղյուսի արտադրության այս գործընթացը հնարավորություն կտա վերականգնել այլ հնավայրեր ևս: Հազարամյակների ընթացքում, կարելի է ասել, կորել են ավանդական բոլոր գիտելիքները, և այսօր փորձի փոխանակմամբ ցանկանում ենք վերականգնել բոլոր այդ հմտությունները»,- նկատել է Լիոնի ճարտարապետական համալսարանի դասախոս Սյուզան Մոնո-Տեր-Մեսրոպյանը:

«Նախաձեռնությունը նաև ուսուցողական է: Այս ծրագրով աշխատանքներում ներգրավել ենք նաև մեր ուսանողներին, կրթական ծրագրեր ենք նախատեսում աշակերտների համար՝ «Արի պեղենք միասին» խորագրով: Մշակութային ոլորտի զարգացումն առանձնակի է կարևորված մեզ համար, և 2023թ. Երևանի բյուջեից նախատեսում ենք զգալի միջոցներ հատկացնել մշակութային կոթողների վերականգնման նպատակով»,- ընդգծել է Հրաչյա Սարգսյանը:

Երևանի Կարմիր բլուրը շուրջ երեք տասնամյակ թաղված էր շինաղբի տակ։ Երևանի քաղաքապետարանի միջոցներով 2021թ. հնավայրն ամբողջությամբ մաքրվել է, տարածքից տեղափոխվել է ավելի քան 1200 բեռնատար աղբ: