10 ապրիլի 2009 - 15:00 AMT
Հայաստանում կստեղծվի Հիփոթեքային ընկերություն` հիփոթեքային երկրորդային շուկայի օպերատոր
Ըստ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից մշակված հայեցակարգի` ՀՀ-ում մոտ մեկ ամսից ստեղծվելու է Հիփոթեքային Ընկերություն` հիփոթեքային երկրորդային շուկայի օպերատոր: Այդ մասին հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն նախագծման համար հիմք է ընդունվել այդ ինստիտուտների ստեղծման միջազգային լավագույն փորձը: Հիփոթեքային ընկերությունը ստեղծվելու է պետական-մասնավոր համագործակցության սկզբունքի հիման վրա` որպես վարկային կազմակերպություն: Ընկերության նախնական հիմնադիրն է ՀՀ կենտրոնական բանկը, որը կներդնի 5 մլրդ դրամ, ապա Հիփոթեքային ընկերության կապիտալում ներդրում կարող են իրականացնել ՀՀ Կառավարությունը, ֆինանսական ինստիտուտները (բանկեր, վարկային կազմակերպություններ, ներդրումային ընկերություններ) միջազգային հեղինակավոր ներդրողները, որոնց մասնակցությամբ նախատեսվում է տարեվերջին հիմնադրամի կապիտալն ավելացնել մի քանի անգամ:

Հայաստանի Հանրապետությունում Հիփոթեքային ընկերության` հիփոթեքային երկրորդային շուկայի օպերատորի հիմնադրմամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունները նպատակ են հետապնդում ստեղծել արդյունավետ ֆինանսական ենթակառուցվածք բնակարանային ապահովվածության խնդիրների լուծման համար: Վերջինս արժեթղթերի թողարկման միջոցով ձեւավորելու է երկարաժամկետ փողեր, որոնք ուղղվելու են հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը:

Արդյունքում կբարելավվեն հիփոթեքային վարկավորման պայմանները` բարձրացնելով հիփոթեքային վարկերի մատչելիությունը` տոկոսադրույքների իջեցման վարկերի ժամկետների երկարացման հաշվին: Հիփոթեքային ընկերությունը, բացի վերոնշյալ` մասնավոր հատվածի վերաֆինանսավորումից, իրականացնելու է նաեւ սոցիալական բնակարանային ապահովվածության ծրագրերի վերաֆինանսավորում: