Դահրավում «100 տուն Արցախում» ծրագրով 6 ընտանիք բնակարանամուտ է տոնել

Դահրավում «100 տուն Արցախում» ծրագրով 6 ընտանիք բնակարանամուտ է տոնել

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 30-ին Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում մասնակցել է «100 տուն Արցախում» ծրագրի բնակարանամուտի արարողությանը, որի շրջանակներում տեղահանված 6 ընտանիք ստացել է նորակառույց բնակարանների բանալիները:

Պետական նախարարը շնորհավորել է տան տերերին և ծրագրի նախաձեռնող խմբին՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանն ու «Ապրելու Արցախ» հիմնադրամին, բոլոր նվիրատուներին ու աջակիցներին՝ Արցախի ժողովրդի կողքին հաստատուն կանգնելու առաքելության շրջանակներում ցուցաբերված նյութական ու բարոյական աջակցության համար:

«Բնակարանային կարիքները արցախցիների հումանիտար խնդիրների շարքում բավականին սուր են արտահայտված, և այսօր շատ սպասված էր ևս 6 ընտանիքի ամուր ծածկով ապահովելու իրողությունը: Համոզված եմ, որ այս նորակառույց բնակարանների կողքին բարձրանալու են նորերը, և «100 տուն Արցախում» ծրագիրը ամրացնելու է հայկական Արցախի ներկան ու երկարաժամկետ ապագան: Այս ծրագիրը գործնական ու խորհրդանշական միջոց է Արցախի ապագային միտված հայության ջանքերի համատեղման համար, և կառավարությունը պատրաստ է շարունակել կանգնել նման նախաձեռնությունների կողքին»,- իր խոսքում նշել է պետական նախարարը:

Արտակ Բեգլարյանը եղել է շահագործման հանձնված բնակարաններում, անձնապես շնորհավորել բոլոր ընտանիքներին, հետաքրքրվել նրանց սոցիալ-տնտեսական խնդիրներով:

Նշված 6 տունը կառուցվել է ԱՀ կառավարության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի համաֆինանսավորմամբ, որոնցից յուրաքանչյուրի նվիրատուներն են եղել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, Երևանի քաղաքապետարանը, Երևանի պետական համալսարանը, «Երեմյան պրոջեքթս», «Արմսվիսբանկ» և «Դիջիթեյն» ընկերությունները, որոնք և այլ նվիրատուներ մասնակցություն են ունեցել նաև տների բակերում անասնագոմերի կառուցմանը և ընտանիքներին անասնագլխաքանակի հատկացմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---