4 օգոստոսի 2022 - 14:01 AMT
Մարուքյան․ Այն, ինչ Ադրբեջանն իրականացնում է ԼՂ-ում, միջազգային իրավունքում կոչվում է էթնիկ զտումներ

Հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով իրավիճակի սրմանն Արցախում, գրել է, որ այն, ինչ վերջին շրջանում այդ երկիրը Լեռնային Ղարաբաղում իրականացնում է, միջազգային իրավունքում կոչվում է էթնիկ զտումներ:

«Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականությունը միջազգային հանցագործություն է: Այն վաղ, թե ուշ պատասխանատվության առջև է կանգնեցնելու Ադրբեջանի ղեկավարությանը:

Միջազգային կառույցների մեր գործընկերները պետք է հստակ տարբերակեն իրավիճակի զոհին և էթնիկ զտում իրականացնողին: Միայն այդ պարագայում է, որ մշուշոտ, երկու կողմին ուղղված անատամ հայտարարությունները կփոխվեն հստակ թիրախայինով, պատասխանատվության հարցի բարձրացմամբ և էթնիկ զտումների քաղաքականության դադարեցմամբ: Այլ տարբերակ չկա»,-ասվում է գրառման մեջ։

Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։

Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։