4 օգոստոսի 2022 - 14:47 AMT
ՄԻՊ-ը կոչով դիմել է Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին

ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը կոչով դիմել է Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին, հակամարտության լուծմանը ներգրավված միջազգային այլ դերակատարներին՝ գործադրելու առավելագույն ջանքերը՝ Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքի իրական ապահովման ուղղությամբ։ Այդ մասին ասվում է տարածված հայտարարության մեջ։

«2022թ. օգոստոսի 1-ին, 2-ին և այսօր Արցախի տարբեր ուղղություններով ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում ադրբեջանական կողմը վարել է ագրեսիվ ռազմական գործողություններ՝ կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ, նռնականետեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր։

Այս գործողությունները կոպտորեն խախտում են ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի արգելքի միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքները, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ադրբեջանական պետության ստանձնած պարտավորությունները։

Ադրբեջանական կողմից հանցավոր այս վարքագիծը դատապարտելի է, այն ուղղակիորեն վտանգում ու ըստ էության զրոյացնում է Արցախում ապրող մարդկանց կյանքի իրավունքի ցանկացած երաշխիք, ինչն էլ հենց խաղաղության ամենակենսական բաղադրիչն է։ Հանցավոր այս գործողություններն անմիջապես պետք է դադարեցվեն։

Անկախ դեպքերի աշխարհագրությունից ու ներգրավված կողմերի ռազմաքաղաքական նկրտումներից, խաղաղ բնակչության կյանքի և մյուս իրավունքների նկատմամբ այս ոտնձգությունը պետք է ստանա իր ճշմարիտ գնահատականը»,-ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ։

Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։

Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։