Միրզոյանը՝ դեսպաններին․ Ադրբեջանը պաշտոնապես և անթաքույց ստանձնել է ագրեսիայի պատասխանատվությունը

Միրզոյանը՝ դեսպաններին․ Ադրբեջանը պաշտոնապես և անթաքույց ստանձնել է ագրեսիայի պատասխանատվությունը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպմանը նրանց ուշադրությունն է հրավիրել վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սադրիչ և ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակին:

ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ ընդգծել է, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես և անթաքույց կերպով ստանձնել է ագրեսիայի պատասխանատվությունը, ինչի վառ ապացույցն են Ադրբեջանի պաշտպանության նախարարության և արտաքին գործերի նախարարության հայտարարությունները, ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի կողմից արձանագրված խախտումները:

Ադրբեջանի գերատեսչությունները հայտարարել են, թե Ադրբեջանը «հակաահաբեկչական «Հատուց» ռազմական գործողություն է սկսել, որի արդյունքում ոչնչացվել է հայկական զինված կազմավորումների հրետանային դիվիզիոն և մեկ դիրք», որ հայ զինծառայողների շրջանում կան զոհեր և վիրավորներ։

Նա նշել է, որ ադրբեջանական զինված ուժերը, հերթական անգամ խախտելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ագրեսիա են ձեռնարկել ռուսական խաղաղապահ զորքերի պատասխանատվության գոտում, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի տասնինը զինծառայող վիրավորվել է, երկուսը՝ զոհվել:

Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիային նախորդել էր Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության փոխանցման վերաբերյալ ռուսական խաղաղապահ անձնակազմին ներկայացված նամակը, համաձայն որի ադրբեջանական կողմը նախատեսում է փոփոխել ներկայումս գործող Լաչինի միջանցքով անցնող երթուղին, ինչը հանդիսանում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում, քանի որ հայտարարության 6-րդ կետը հստակ սահմանում է, որ կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի) համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում պետք է որոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, մինչդեռ եռակողմ ձևաչափով հաստատված նման պլան չկա:

Արարատ Միրզոյանը նաև ընդգծել է, որ հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու ուղղությամբ իրականացվող ջանքերին Ադրբեջանի իշխանությունները պատասխանում են հայատյաց հռետորաբանությամբ, ագրեսիվ հայտարարություններով, ուժի կիրառման անթաքույց սպառնալիքներով։ Նա անընդունելի է համարել ադրբեջանական կողմի՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելու շարունակական քաղաքականությունը:

ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած և դեռևս չլուծված հումանիտար խնդիրներին՝ շեշտելով, որ ադրբեջանական կողմը միջազգային հումանիտար իրավունքի դրույթների խախտմամբ շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից լիազորված միակ միջազգային ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:

Ընդգծվել է նաև, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հայկական կողմի օրակարգին աջակցելու համար անհրաժեշտ է միջազգային հանրության համակարգված և միահամուռ օժանդակությունը:

Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։

Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---