ՌԴ ԱԳՆ․ Ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր ջանքերը շփման գծում իրավիճակի կայունացման համար

ՌԴ ԱԳՆ․ Ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր ջանքերը շփման գծում  իրավիճակի կայունացման համար

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել «Լաչինի շրջանում և շփման գծի այլ հատվածներում իրավիճակի սրացման կապակցությամբ» և հայտարարել է, որ ռուս խաղաղապահները «գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը «հողի վրա» իրավիճակի կայունացման համար»։

«Ցավոք, կան զոհեր։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և մերձավորներին, շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ՌԴ ԱԳՆ-ն ակտիվ աշխատանք է տանում երկու կողմերի հետ բոլոր կանալներով և բոլոր մակարդակներում՝ ներառյալ բարձրագույն ղեկավարությունը, և որ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սերտ շփման մեջ է ադրբեջանցի և հայ գործընկերների հետ։

«Կոչ ենք անում կողմերին դրսևորել զսպվածություն, պահպանել հրադադարի ռեժիմը։ Ելնում ենք այն իրողությունից, որ առկա հակասությունների կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով՝ հաշվի առնելով կողմերի դիրքորոշումներն ու խստիվ պահպանելով 2020-ի նոյեմբերի 9-ի ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության դրույթները։

Համոզված ենք, որ կողմերի ջանքերը պետք է կենտրոնանան Բաքվի և Երևանի միջև դրական օրակարգի ձևավորման վրա՝ առկա եռակողմ բանակցային ձևաչափերի շրջանակում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։

Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---