ՄԻՊ աշխատակազմը Տավուշի սահմանամերձ գյուղերում մի շարք համակարգային խնդիրներ է գրանցել, այդ թվում՝ անվտանգային

ՄԻՊ աշխատակազմը Տավուշի սահմանամերձ գյուղերում մի շարք համակարգային խնդիրներ է գրանցել, այդ թվում՝ անվտանգային

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփել են հուլիսի 25-28-ը Տավուշի մարզի Ազատամուտ, Բաղանիս, Կիրանց, Ոսկեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Այգեպար, Չինարի, Այգեձոր, Արծվաբերդ, Չորաթան, Բերքաբեր, Բարեկամավան, Սարիգյուղ, Կոթի գյուղերում իրականացված մշտադիտարկման այցերի արդյունքները:

Արձանագրվել են մի շարք համակարգային խնդիրներ, այդ թվում՝ անվտանգային ոլորտի։

Մշտադիտարկման այցերի ընթացքում ուսումնասիրվել են բնակիչներին բժշկական օգնության տրամադրման և բուժսպասարկման հնարավորություններն ու խնդիրները, բնակիչների սոցիալ-տնտեսական իրավունքների հետ կապված մի շարք հարցեր։

Այցերի շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երեխաների կրթության իրավունքի իրացման պայմանների, կարիքների, ներառական միջավայրի ձևավորման համար առկա հնարավորությունների ուսումնասիրմանը:

Այս նպատակով առանձնազրույցներ են իրականացվել բնակիչների հետ, քննարկումներ են տեղի ունեցել նախադպրոցական ուսումնական հաստատությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչների և պատասխանատուների, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Մշտադիտարկման այցերի արդյունքները, սույն հրապարակման պահի դրությամբ իրավասու պետական և տեղական մարմինների կողմից Պաշտպանի աշխատակազմին ներկայացված տեղեկությունների ու պարզաբանումների հաշվառմամբ, վկայում են մի շարք համակարգային խնդիրների վերաբերյալ, այդ թվում՝անվտանգային ոլորտի, ինչպես նաև մարդու՝ պատշաճ և մատչելի եղանակով տեղեկություններ ստանալու իրավունքի, խմելու և ոռոգման ջրի, գազի մատակարարման, բնակիչների զբաղվածության ապահովման, երեխաների կրթության իրավունքի, այդ թվում՝ նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում բազմամասնագիտական թիմերի սղության, նեղ մասնագիտական ծառայությունների հասանելիության, հաշմանդամության կարգավիճակի տրամադրման գործընթացի, աջակցող միջոցների տրամադրման ընթացակարգի վերաբերյալ իրազեկվածության, առողջության պահպանման իրավունքի, այդ թվում՝ վարչական շրջաններում բուժօգնություն և սպասարկում ապահովող կենտրոնների օղակների շենքային պայմանների և նյութատեխնիկական հագեցվածության, դեղորայքի և մի շարք բժշկական ծառայությունների հասանելիության, յուրաքանչյուր ընտանիքի՝ փայտ հավաքելու թույտվության տրամադրման գործող իրավակարգավորումների վերաբերյալ։

Այս և արձանագրված այլ համակարգային խնդիրների վերաբերյալ մանրամասն դիտարկումները, դրանք լուծման վերաբերյալ Պաշտպանի առաջարկներով և դիրքորոշումներով ներկայացվել են ՀՀ կառավարությանն ու ոլորտային իրավասու մարմիններին, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակին, իսկ անհատական բնույթի խնդիրները Պաշտպանի իրավասությունների շրջանակում քննարկվել և ներկայացվել են իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին։ ‌

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---