Զորակոչից տարկետման համար հիմք հանդիսացող բուհերի վարկանիշավորման ցանկը փոփոխվել է

Զորակոչից տարկետման համար հիմք հանդիսացող բուհերի վարկանիշավորման ցանկը փոփոխվել է

PanARMENIAN.Net - Զորակոչից տարկետման համար հիմք հանդիսացող բուհերի վարկանիշավորման ցանկը փոփոխության է ենթարկվել։ Կառավարության օգոստոսի 4-ի նիստում փոփոխություն է արվել «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ:

Ըստ գործող կարգի նշանակալի նվաճում է համարվում քաղաքացու՝ լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման կայքի աշխարհի համալսարանների ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) և ըստ ոլորտների (Global Ranking of Academic Subjects) տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում սովորելու կամ դիմորդ հանդիսանալու հանգամանքը:

Գործող կարգը վերանայելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ որևէ կերպ հիմնավորված չէ բուհերի նման լայն շրջանակ սահմանելը: Շատ հաճախ նշված բուհեր ընդունվելը պայմանավորված է լեզուների իմացությամբ և քաղաքացիների վճարունակ լինելով:

ԿԳՄՍՆ-ն տարկետման նոր համակարգ ներդնելու օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ է հանդես եկել: Մասնավորապես՝ կառավարությունը կարող է սահմանել այն բուհերի և մասնագիտությունների ցանկը, որոնցում սովորելու համար քաղաքացիներին կտրամադրվի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում: Նշված կարգավորումը ավելի նպատակային և պետության կարիքներից բխող տարկետման համակարգի ստեղծման հիմք կհանդիսանա:

Կատարված փոփոխությամբ հստակեցվում է բուհերի վարկանիշավորման ցանկը՝ այն նշանակալի նվաճում հասկացությանը համարժեք դարձնելու տեսանկյունից:

Խնդրահարույց է նաև «տվյալ տարվա ցանկեր» արտահայտությունը, քանի որ կայքում բուհերի ցանկերի թարմացումը չի համընկնում տարկետման գործընթացի հետ:

Նոր կարգավորմամբ սահմանված՝ «պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմելու կամ դրան նախորդող տարվա» կարգավորման նպատակն այն է, որ քաղաքացիներն ուսումնական հաստատություն ընտրելու պահին՝ դա կլինի նախորդող, թե դիմելու տարվա ընթացքում, արդեն իսկ վստահ կլինեն, որ տարկետման գործընթացում կդիտարկվի իրենց ընտրության պահին գործող բուհերի վարկանիշավորման ցանկը, և հետագա փոփոխություններն իր վրա չեն տարածվի:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2023-ի մարտի 1-ից, հետևաբար 2023 թվականի ապրիլի 1-ից դիմող քաղաքացիների համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման համար որպես նվաճում կհամարվի աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման կայքի աշխարհի համալսարանների ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում սովորելու հանգամանքը: ‌

 Ուշագրավ
Եթե նախկինում տնտեսվարողին ժամանակ էր տրվում՝ թերությունները վերացնելու համար, ապա հիմա տնտեսվարողն այդ հնարավորությունը պարզապես չունի
Ազատյանը շեշտել է, որ ծնողները կասկածներ ունեն` Արգիշտի Քյարամյանը հրաման է ստացել գործընթացը դադարեցնել
ԿԽՄԿ-ն Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 34 հիվանդ
---