10 ապրիլի 2009 - 18:46 AMT
2008թ. մի շարք բիզնես-սուբյեկտներ տուգանվեցին 327 մլն դրամի չափով
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր այսօրվա հերթական նիստում հաստատել է Հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը: Այդ մասին հաղորդում է Հանձնաժողովի մամլո ծառայությունը:

Համաձայն հաստատված հաշվետվության, Հանձնաժողովը 2008 թ. ուսումնասիրել է 29 ապրանքային շուկա, դիտանցում է իրականացրել 102 շուկայում, որտեղ գործում է գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում գրանցված 77 տնտեսվարող սուբյեկտ: Հանձնաժողովին հաջողվել է նաեւ բացահայտել գերիշխող դիրքի չարաշահման եւ հակամրցակցային համաձայնությունների կնքման մի շարք հնարավոր դեպքեր, որոնք կարող էին հանգեցնել տնտեսապես չհիմնավորված գնի բարձրացման, դրանց բարձր մակարդակի պահպանմանը կամ մրցակցության սահմանափակման:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանձնաժողովն անդրադարձել է մոտ 20 ապրանքային շուկաներում իրացման գների կիրառման քաղաքականությանը: Ապրանքային շուկաների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գերազանցապես տեղական արտադրության հաշվին գործող շուկաներից 5-ը բարձր կենտրոնացված է, մեկը ցածր, եւս մեկը` միջին կենտրոնացված: Գերազանցապես ներմուծման հաշվին գործող շուկաներից 8-ը բարձր կենտրոնացված է, 14-ը` ցածր, մեկը` միջին կենտրոնացված:

2008 թ. Հանձնաժողովի կողմից ընդունված տուգանք սահմանող 14 որոշումների հիման վրա տնտեսավարող սուբյետներից գանձման ենթակա ընդհանուր գումարը կազմել է 327 915 380 դրամ, որից պետական բյուջե է գանձվել 105 682 379 դրամ (այդ թվում նաեւ Հանձնաժողովի նախորդ տարիների որոշումների հիման վրա), որից դատական կարգով` 103 982 379 դրամ:

ՀՀ դատարաններ ներկայացված 20 հայցադիմումներով բռնագանձման ենթակա ընդհանուր գումարը կազմել է 326 365 380 դրամ, որոնցից 7-ը` 323 115 380 դրամ ընդհանուր գումարով գտնվում են ՀՀ դատարանների վարույթներում, 13-ը` 3 250 000 դրամ ընդհանուր գումարով, բավարարվել են: Ընդդեմ Հանձնաժողովի 2008 թվականին ներկայացվել է 17 հայցադիմում` 324 750 000 դրամ ընդհանուր գումարով: