Բեգլարյան․ Միակ լուծումն Արցախի և ՀՀ ռազմավարական դիմադրողականության մակարդակի շարունակական ու արագ բարձրացումն է

Բեգլարյան․ Միակ լուծումն Արցախի և ՀՀ ռազմավարական դիմադրողականության մակարդակի շարունակական ու արագ բարձրացումն է

PanARMENIAN.Net - ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով վերջին սրացմանը, նշել է, որ վերջին օրերին ադրբեջանական ագրեսիայի ընթացքում հայ զինծառայողները բազմիցս դիմակայել են ադրբեջանական գրոհներին ու սադրանքներին:

Նա նշել է` քանի որ Արցախը բացառիկ նշանակություն ունի Հայաստանի և ամբողջ հայության համար, միակ լուծումն Արցախի և Հայաստանի ռազմավարական դիմադրողականության մակարդակի շարունակական ու արագ բարձրացումն է։

Ըստ Բեգլարյանի, այս դեպքերը հերթական անգամ ապացուցեցին՝

1. Արցախի ժողովրդի դիմադրության ոգին կոտրված չէ, և մենք պատրաստ ու ունակ ենք ինքնապաշտպանության.

2. Ադրբեջանը շարունակում է հայատյացության ու պատերազմի քաղաքականությունը՝ բացառելով հայ ազգի գոյությունն առնվազն Արցախում, իսկ ապագայում՝ նաև Հայաստանում.

3. Միջազգային ռազմաքաղաքական երաշխիքներն ու մեխանիզմները, հատկապես այս փխրուն աշխարհակարգի պայմաններում, ամբողջությամբ չեն ապահովում Արցախի ժողովրդի կայուն անվտանգությունը, և մենք ստիպված ու պարտավոր ենք շարունակաբար բարելավել մեր ռազմավարական դիմադրողականության մակարդակը.

4. Ադրբեջանի հայամերժ քաղաքականության պայմաններում հակամարտության ավարտը տեսանելի չէ, և Բաքուն փորձելու է պարբերաբար իրականացվող սադրանքների, իրավախախտումների ու տարաբնույթ ճնշումների միջոցով քիչ-քիչ էլ ավելի բարելավել իր ռազմաքաղաքական դիրքերը տարածաշրջանում ու հասնել Արցախի հայաթափմանը։

«Այդ նպատակի համար Ադրբեջանը կիրառում է տարբեր միջոցներ, ներառյալ՝

Ա) ուժի և ուժի սպառնալիքի կիրառում,

Բ) սեփական ռազմական կարողությունների շարունակական բարելավում,

Գ) Թուրքիայի ներքաշում տարածաշրջանային հարաբերությունների մեջ՝ սեփական օրակարգային հարցերով,

Դ) Արցախի մեկուսացման խորացում,

Ե) տարածաշրջանում ու աշխարհում Ադրբեջանի դերի ամրապնդմամբ ու կեղծ տեղեկատվական հոսքերով ադրբեջանական թեզերի ու շահերի առաջմղում,

Զ) հայության տարբեր հատվածների միջև պառակտման հրահրում ու խթանում,

Է) հայերի (առաջնահերթորեն՝ արցախահայության) շրջանում անօգնականության ու անելանելիության զգացողության սերմանում,

Ը) Արցախում ապրելու համար կարևոր պայմանների վատթարացում ու խոչընդոտում,

Թ) ՌԴ խաղաղապահ զորակազմի և ընդհանրապես Ռուսաստանի լծակների ու հնարավորությունների սահմանափակում տարածաշրջանում և հեղինակազրկում հատկապես հայերի շրջանում»,-ասվում է գրառման մեջ։

Բեգլարյանը հավելել է, որ միակ լուծումը Արցախի և Հայաստանի ռազմավարական դիմադրողականության մակարդակի շարունակական ու արագ բարձրացումն է հատկապես հետևյալ ոլորտներում՝

«Ա) կայուն անվտանգություն,

Բ) աճող ժողովրդագրություն,

Գ) զարգացող տնտեսություն,

Դ) որակյալ կրթություն,

Ե) արդյունավետ կառավարում,

Զ) ազգային գաղափարախոսություն,

Է) պրագմատիկ միջազգային հարաբերություններ.

1. Այս ամենին հասնելու համար մեզ անհրաժեշտ է Արցախի հայկական ապագայի և հայոց պետականության զարգացման ու զորացման շուրջ ապահովել համազգային կայուն ու գործնական համախմբում.

2. Եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք հայոց պատմության եթե ոչ վերջին, ապա նախավերջին էջը»,-ասվում է գրառման մեջ: ‌

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---