Տեղահանված արցախցիներն ԱՄՆ դեսպանատան մոտ պահանջում են, որ «ՄԽ երկրները կատարեն իրենց պարտականությունները»

Տեղահանված արցախցիներն ԱՄՆ դեսպանատան մոտ պահանջում են, որ «ՄԽ երկրները կատարեն իրենց պարտականությունները»

PanARMENIAN.Net - Արցախից տեղահանվածները Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև բողոքի ցույցի էին դուրս եկել։ Ցուցարարները պահանջում էին վերադարձ հայրենիք, ինչպես նաև, որ «ԵԱՀԿ ՄԽ երկրները կատարեն իրենց պարտականությունները»։

«Մեր պահանջը մեկն է` վերադառնալ հայրենիք։ Բացի այդ, պետք է տարբեր երկրներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առջև պահանջ դնեն, որ ոչ միայն մեր տունը հետ տան, այլ նաև վերականգնեն մեզ պատճառված վնասը. համացանցում տեսնում ենք, թե ինչպես են ադրբեջանցիները քարուքանդ անում մեր տները։ Հայաստանի և Արցախի իշխանություններն անցյալ չունեցող են, դրա համար մենք այս կառավարությունից պահանջ չունենք»,- ասել է ցույցի մասնակից մի կին։

Մեկ այլ մասնակից նշել է, որ այս ակցիան օգոստոսի 5-ին Հայաստանում ՌԴ դեսպանատան առջև բողոքի ցույցի շարունակությունն է, գրում է Sputnik Արմենիան։

«Մենք Ամերիկայի դեսպանատան առջև ենք` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի։ Պահանջում ենք, որ իրենց պարտականությունները կատարեն Մինսկի խմբի երկրները, քանի որ հիմա Արցախում իրավիճակը լարված է, արդեն Աղավնոն են ուզում հանձնեն նախկինում Շուշին ու Հադրութը հանձնողները»,- ասել է ցույցի դուրս եկած տղամարդը։

Ակցիայի մասնակիցներն իրենց նամակը փոխանցել են անվտանգության աշխատակցին, որպեսզի այն հասցնեն Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին։

Ցուցարարները նույն խնդիրը կբարձրաձայնեն նաև Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի շենքի դիմաց։

Օգոստոսի 5-ին 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանվածները բողոքի ցույց անցկացրին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց։ Ակցիայի կազմակերպիչներից «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը հայտնել էր, որ իրենք Հայաստանի ռազմավարական գործընկեր, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, ՄԱԿ-ի ԱԽ անդամ և նոյեմբերի 20-ի եռակողմ հայտարարության երաշխավոր երկրներից պահանջում են իրականացնել Արցախում ստանձնած խաղաղապահ առաքելությունը։

Դեսպանատան դիմաց հավաքված արցախցիներն իրենց պահանջը նամակով փոխանցեցին ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---